Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում բանաձև կներկայացնի, որով Ադրբեջանին կոչ կարվի դադարեցնել Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադամ Շիֆը Կոնգրեսում կներկայացնի բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվելու անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը:

«Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսի քննարկման ներկայացնել բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով ամբողջովին արգելել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին»,-գրել է նա։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Հայերեն English Русский