ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի 875-ամյակի և Երևանում«Դոմ Մոսկվի» կենտրոնի հիմնադրման 15-ամյակի առթիվսեպտեմբերի 12-ին Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ռուսական կենտրոն բացվեց: Այն 7-14 տարեկան երեխաներին անվճար ռուսերեն սովորելու հնարավորություն կընձեռի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնը բացվեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ, Մոսկվայի կառավարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հրազդանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նման կենտրոնների բացումը շատ արդյունավետ է: «Կենտրոնները երեխաներին հնարավորություն են տալիս ոչ ֆորմալ կրթության միջոցով բարելավել ռուսաց լեզվի իմացությունը, ինչը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է: Մենք կրթական նոր ստանդարտների ներդրման փուլում ենք, որի ռազմավարական ուղղություններից մեկն օտար լեզուների իմացության բարելավումն է: Ուրախ ենք նման համագործակցության համար, որի շնորհիվ ոչ ֆորմալ կրթությունն օգնում է ֆորմալ կրթությանը»,-շեշտեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց որ սա «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ միակ հաջող համագործակցությունը չէ: Համատեղ իրականացնում են նաև ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ և այլ նախագծեր:
Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և ազգամիջյան թանգարանների վարչության գլխավոր խմբագրի տեղակալ Եվգենի Դրիձեն, որը տոնական օրերի շրջանակում է Հայաստանում, կարծում է՝ լավ կլինի, եթե կենտրոնը տեխնիկապես ավելի հարստանա, ինչը կնպաստի կրթության որակի բարձրացմանը: «Անհրաժեշտ է լեզուներ սովորեցնել ժամանակակից մեթոդներով՝ փորձելով չկենտրոնանալ արխայիկ մեթոդների վրա, որոնք շատ են և երբեմն ավելի տարածված են»,-ասաց նա:
Դրիձեն շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ նախաձեռնությանն աջակցելու համար և հույս հայտնեց, որ ոչ միայն կընդլայնեն Հրազդանի կենտրոնը, այլև այլ քաղաքներում գործող ռուսական կենտրոններն առավել կզարգացնեն, քանի որ ռուսաց լեզվի ուսուցումը շատ կարևոր է:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Ալեքսանդր Նովիկովի խոսքով՝ դեսպանությունը ողջունում է յուրաքանչյուր մշակութային և կրթական համագործակցության ընդլայնումը երկու երկրների միջև, քանի որ բազմաթիվ հայեր, որոնք արդեն իսկ հին և հարուստ մշակույթի կրողներ են, ցանկանում են հաղորդակցվել ռուսական մշակույթին, ինչը հրաշալի է: «Կենտրոնի բացման առթիվ շնորհավորում եմ բոլոր աջակիցներին: Իհարկե, ֆինանսը կարևորագույն տարր է, սակայն առանց էնտուզիազմի և աշխատելու պատրաստակամության ոչինչ հնարավոր չէ»,-ընդգծեց Նովիկովը՝ նշելով, որ կենտրոնները կարող են շատանալ:
«Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ հիշեցրեց, որ ռուսական կենտրոններ են գործում Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արմավիրում, Վարդաձորում, Մալիշկայում և Քաջարանում: Նրա հավաստիացմամբ՝ ռուսաց լեզվի հանդեպ երեխաների հետաքրքրությունը մեծ է: Այդ են փաստում այն աշակերտները, որոնք սովորում են ոչ միայն ռուսական կենտրոններում, այլև «Դոմ Մոսկվի» կենտրոնի աջակցությամբ այլ հարթակներում են անվճար դասեր անցնում:
Հյուրերին ելույթներով և երաժշտական կատարումներով ոգևորեցին ռուսերենի անվճար դասերին մասնակցած երեխաները:
Միջոցառման ավարտին «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Հրազդանի քաղաքապետարանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: