Ժամանակի փոխակերպումներին դիմացող թատրոնը. Կամերայինը բազմաբովանդակ միջոցառումներով տոնեց հիմնադրման 50-ամյակը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանի և հանդիսատեսի նույնացման գաղափարի հիման վրա ստեղծված Երևանի կամերային թատրոնը կես դար շարունակ հյուրընկալ հարկի տակ ընդունում է թատերական տարբեր ճաշակներ ունեցող հանդիսատեսի, չի դադարում զարմացնել, ուրախություն կամ թախիծ պարգևել՝ մշտապես մնալով պահանջված: Ինքնատիպ ձեռագրով ու ավանդույթներով թատրոնը կազմավորման 50 և պետական կարգավիճակ ստանալու 40-ամյակները տոնեց սեպտեմբերի 11-ին՝ հյուրերին հնարավորություն տալով քայլելու կարմիր գորգով, վայելելու բարձրաճաշակ երաժշտություն, հաղորդակցվելու միմյանց հետ և մասնակցելու բազմաբնույթ միջոցառումների:

Հոբելյանական երեկոյին ներկա են եղել նաև «Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը՝ փորձելով ընթերցողներին փոխանցել օրվա դրական հույզերն ու գեղեցիկ դրվագները:

Թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, հիշելով թատրոնի ստեղծման սկզբնական փուլը, խոստովանում է, որ թատրոն չի սիրել. հայրը կարծել է՝ տղամարդը չպետք է զբաղվի թատրոնով: Երնջակյանների ընտանիքում մաթեմատիկայի պաշտամունք է եղել, իսկ Արա Երնջակյանը սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետում, սակայն «Ուրախների և հնարամիտների ակումբը» ուսանող Երնջակյանին շեղել է՝ տանելով այլ ուղղությամբ:

«Մենք ցանկանում էինք ոչ թե թատրոն, այլ լաբորատորիա բացել, բայց պարզվեց, որ դա անհնար է, քանի որ դոկտորներ են պետք: Մտերիմներն առաջարկեցին թատրոն հիմնադրել»,-պատմում է նա:

Կամերային թատրոնը տարիների ընթացքում չի դադարում լինել արդիական և պահպանում է երնջակյանական ձեռագիրը: Ըստ թատրոնի հիմնադրի՝ դա պայմանավորված է թատրոնում խենթ ստեղծագործողների առկայությամբ:

«Թատրոնն ի սկզբանե իր ձևը, տեսակն ունեցել է․ խոսքը նույնացման սիստեմի մասին է: Նորեկները կա՛մ ընդունում էին դա ու դառնում մերը, կա՛մ հեռանում: Մինչ օրս մեր թատրոն գալիս են երիտասարդներ, որոնք ընդունում են նույն կրոնը, նույն պաշտամունքը և շարունակում են մեր գործը»,-շեշտում է Երնջակյանը և հավաստիացնում, որ իր սրտի ներկայացումը դեռ չի բեմադրել:

Թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը մեծացել է Կամերային թատրոնում: Ասում է՝ իր համար թատրոնը ոչ թե երկրորդ, այլ առաջին տունն է: Հաճախ է նշում՝ այն սերը, որը կա թատրոնի հանդեպ, փոխանցվել է մայրական կաթի և հայրական ծխի հետ:

«Անում եմ հնարավորը, որ թատրոնը լինի ավելի հետաքրքիր, մնա կանգուն, որպեսզի թե՛ դերասանական կազմում, թե՛ հանդիսատեսի շարքերում չպակասեն երիտասարդները»,- շեշտում է կրտսեր Երնջակյանն ու հավելում, որ բեմադրություններ անելիս չի փորձում կրկնօրինակել հորը:

Նրա խոսքով՝ արվեստում կա իդեալ, որին ձգտում է: «Գիտեմ, որ հնարավոր է հասնել այն որակին, մտքին, պատկերացմանը, որը հայրս ունի թատրոնի մասին, որը բոլորովին այլ աշխարհ է, այլ մտածելակերպ է՝ ծնված մաթեմատիկական հմտությունների և արվեստի բախումից: Երբեք տարբերվելու խնդիր չեմ դրել իմ առաջ: Միշտ ցանկացել եմ անել ամենը, որ ներկայացումը լինի հետաքրքիր և պահպանվի հեղինակային ձեռագիրը»,-եզրափակում է Լուսինե Երնջակյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ՝ Երևանի կամերային թատրոնն ամենաերևանյանն է:

«Այն քաղաքային է իր դրսևորումներով. հիսուն տարվա ընթացքում եղել է քաղաքային փոխհարաբերությունների, կենցաղի, օրակարգի թատրոն՝ յուրահատուկ ինտելեկտուալ խոսույթով: Պատահական չէ, որ թատրոնում բոլոր ժամանակներում հաճույքով են ելումուտ ունեցել ինտելեկտուալ մարդիկ: Ե՞րբ մենք կարող ենք հաստատել թատրոնի գոյությունը, երբ այն բոլոր ժամանակներում ունի իր հանդիսատեսը: Այդ առումով Կամերայինը հաղթող թատրոն է, ժամանակի փոխակերպումներին դիմացող թատրոն է: Եթե անկախ պատմական վայրիվերումներից, քաղաքական համակարգից ունես խոսք, նշանակում է՝ թատրոնի գոյության կարևոր բանաձևը գտել ես»,-ասում է փոխնախարարը:

Խզմալյանը Կամերային թատրոնին մաղթում է հավատարիմ հանդիսատես, ցանկանում, որ թատրոնը շարունակի ձեռքը պահել հանրային կյանքի զարկերակին, կատակի, դրամայի, կամերային, երաժշտական ներկայացումների միջոցով արծարծի հասարակությանը հուզող խնդիրները:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը քսաներկու տարի աշխատում է Կամերային թատրոնում: Առաջին հանդիպումը հարազատ թատրոնի հետ եղել է թատերական ինստիտուտում սովորելու տարիներին, երբ Հակոբ Ղազանչյանը Ներսիսյանին և նրա կուրսընկերներին ներկայացրել է Կամերային թատրոնը՝ նշելով, որ այն սեփական ձեռքերով հիմնել են էնտուզիաստները: Միշտ մտածել է Կամերային թատրոնի մասին, որտեղ, իր խոսքով, անգամ պատերն են ջերմությամբ վարակում: Պատանի հանդիսատեսի թատրոնում է աշխատել և մի օր որոշել է գալ Կամերային թատրոն: Հանդիպելով Արա Երնջակյանի հետ՝ համագործակցության առաջարկ է ստացել: «Ներոն» ներկայացման մեջ՝ Վեներայի, «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» ներկայացման մեջ՝ թարգմանչուհու դերերով Լուիզա Ներսիսյանը մուտք է գործել Կամերային թատրոն:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը Կամերային թատրոնի 20 տարվա «բնակիչ» է: Ասում է՝ թատերական կրթություն չունի, բայց իրեն շատ լավ է զգում այդ միջավայրում և շատ բան է սովորել ու դեռ սովորում է: «Ասում են՝ երկրորդ տուն չի լինում: Ինձ համար այդ տունը կա, և այն Կամերային թատրոնն է»,-ընդգծում է դերասանը:

Դերասան Ժորա Հարությունյանն էլ խոստովանում է, որ Կամերային թատրոնը փոխել է իր աշխարհայացքը, արվեստի հանդեպ ընկալումներն ու տուն դարձել, իսկ դերասան Վահե Զիրոյանը, որը 2012-ից է թատրոնում, այն ընտանիք է համարում:

«Սա իմ երկրորդ տունն է: Այստեղ ապրում ու արարում եմ: Յուրաքանչյուր օրն ինձ համար բացահայտում է: Ամեն օր յուրովի ենք ճանաչում թե՛ հնաբնակ արտիստներին, թե՛ թատրոն նոր մուտք գործած դերասաններին»,-նշում է նա:

Բոլոր դերասանները լեփ-լեցուն դահլիճներ ու երկարակեցություն են մաղթում Կամերային թատրոնին՝ վստահեցնելով, որ իրենք ևս ներդրում են ունենալու այդ գործում:

Երեկոյին թատրոնի ցուցասրահում ներկայացվեց յուրօրինակ էքսպոզիցիա, որը պատմական էքսկուրս է՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը: Հյուրերը դիտեցին «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմը, մասնակցեցին Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսին: Թե՛ կինոնկարը, թե՛ գիրքը պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին:

Երեկոն նշանավորվեց նաև «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտիքի մրցանակներ հանձնվեցին բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին: Կամերային թատրոնի հարակից տարածքում էլ բացվեց «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը նվիրվեցին թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին:

Միջոցառումներին հաջորդեց ծանոթությունը թատրոնի՝ դեռ կառուցման փուլում գտնվող դահլիճի հետ, որը փոքր է, սակայն թատրոնին հնարավորություն կտա մեկ երեկոյի ընթացքում երկու ներկայացում մատուցել:

Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին: Կամերային թատրոնի ստեղծման առաջին իսկ տարիներից Արա Երնջակյանի և ստեղծագործական կոլեկտիվի նպատակն էր դուրս գալ զուտ թատերական գործունեության շրջանակներից, ձևավորել մշակութային համալիր։ Բավական է նշել կինոսրահը, Fe-Պատկերասրահը (1994), «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթը (1996-2000), «ԵրԿաթ TV», «ՅԱՆ TV» հեռուստաընկերությունները, «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը և շատ այլ ստեղծագործական նախագծեր։ Կամերային թատրոնի ուժերով նկարահանվել են մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն English

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ