Գյումրին` ներդաշնակ աշխարհի լավագույն քաղաքների հետ. բացվել է  Լևոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է «Գյումրի եւ անդին» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սա գեղագետ և արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի 17-րդ անհատական ցուցահանդեսն է: Ցուցադրված շուրջ 50 աշխատանքները քաղաքային բնապատկերներ են Գյումրիից և աշխարհի գեղեցկագույն քաղաքներից (Փարիզ, Լիոն, Մարսել, Պրահա, Վիեննա, Վենետիկ, Բրյուգգե, Կ. Պոլիս, Լյուքսեմբուրգ և այլն):

Ցուցադրությունը ներկայացված է երկու բաղադրիչով, մեկը՝ Գյումրին, մյուսն աշխարհի լավագույն քաղաքները, սակայն սրանով հեղինակը նպատակ չունի համեմատելու Գյումրին աշխարհի մյուս քաղաքաների հետ, այլ համադրելու ու ցույց տալու Գյումրու ողջ գեղեցկությունը: «Նպատակը Գյումրին մնացյալ աշխարհին հակադրելը չէ, այլ հակառակը՝ համադրելը և քաղաքաշինության ընդհանուր համապատկերում Գյումրու ուրույն դիմապատկերը հաստատելը: Այս կոնցեպտի մեջ Գյումրին ու աշխարհի մյուս քաղաքները շատ ներդաշնակ են: Այս նկարները խոսում են այն մասին, որ Գյումրին գովելը «մեղք» չէ, այլ անհրաժեշտություն: Գյումրին արժանի է գովքին: Գյումրին հպարտանալու քաղաք է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշում է հեղինակը՝ հույս հայտնելով, որ իր գրաֆիկական աշխատանքների շնորհիվ Գյումրին կսիրեն բոլորը: «Գյումրին պետք է սիրեն բոլորը, քանի որ Գյումրին շատ ճաշակով քաղաք է: Պետք է Գյումրին համադրել աշխարհի այլ գեղեցիկ քաղաքների հետ՝ միայն տեսնելու համար, թե գյումրեցի վարպետն ինչքան համաքայլ է ընթացել համաշխարհային քաղաքաշինությանը: Գյումրին, քաղաքաշինական առումով, այսօր կարելի է համարել աշխարհի լավագույն քաղաքներից մեկը»- ասում է հեղինակը՝ խոստանալով աշխատանք տանել, որպեսզի Գյումրին մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սա Լևոն Լաճիկյանի երկրորդ անհատական ցուցահանդեսն է Գյումրիում. Առաջինը 2010 թվականին էր և կոչվում էր «Գյումրի, իմ սեր»: «Այդ ցուցահանդեսից հետո ինձ տարբեր հարթակներում հարցնում էին՝ կլինե՞ն նոր գործեր ու նոր ցուցադրություններ: Միշտ հապաղում էի ու մտածում, որ ժամանակը չի եկել, բայց, երբ սկսվեց համավարակը, մտածեցի՝ ինչու չանել ու այս անգամ, երբ առաջարկ եղավ ցուցադրություն ունենալու «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում, համաձայնեցի»,- ասում է Լևոն Լաճիկյանը:

Լևոն Լաճիկյանը ծնվել է Գյումրիում, դասավանդում է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցում։ Նրա գիտական ու արվեստաբանական հոդվածները հրատարակվել են հայրենի և արտերկրի գիտական հանդեսներում ու հանրագիտարաններում: Իսկ մեկ տասնյակից ավելի գրքերը՝ հայերեն ու անգլերեն, լույս են տեսել Երևանում ու Նյու Յորքում։ Նա միաժամանակ շուրջ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է: Արվեստաբանությունից սահուն անցում կատարելով դեպի նկարչություն՝ Լևոն Լաճիկյանը վերջին տարիներին զբաղված է տպավորիչ նկարաշարեր ստեղծելով, որոնցում նուրբ գծերի միջոցով արտացոլվում են քաղաքային տեսարաններ ու հոգևոր-պաշտամունքային կառույցներ: Դրանք գեղարվեստականից զատ ունեն նաև ճանաչողական մեծ նշանակություն: Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գյումրիում, Գորիսում, Երևանում, Կ. Պոլսում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, այլուր։ Մեծ տարածում գտավ ու սիրվեց նրա «Գյումրի, իմ սեր» բացիկների ժողովածուն, ինչպես նաև «Հայկական եկեղեցիներ» գծանկարչական ալբոմը։ Վերջինս ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» XVIII միջազգային մրցույթում անցած տարի արժանացավ մրցանակի: Լևոն Լաճիկյանը Հայաստանի Նկարիչների և Լրագրողների միությունների անդամ է: Արդի հայ արվեստին բերած զգալի նպաստի համար նա պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, նաև արժանացել Երևանի պետական համալսարանի Ոսկե մեդալի:

«Գյումրի և անդին» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 22-ը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել