Պատմության թանգարանը վերաբացեց մշտական ցուցադրությունը «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Պատմության թանգարանը վերաբացեց մշտական ցուցադրությունը «Հնագույն մարդու հետքերով.քարի դար» խորագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ մշտական ցուցադրության մեկնարկը տրվեց խորհրդանշական ամսաթվով:
«Ամսի 9-ը թանգարանի հիմնադրման ամսաթիվն է: 1919 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը որոշում կայացրեց ստեղծել մարդաբանական, ազգաբանական թանգարան»,-ասաց թանգարանի տնօրենը:
Ցուցադրության մեջ տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից քարեդարյան բարձրարժեք նմուշներ՝ գտնված Հայաստանի տարբեր հնավայրերից: Ցուցադրության մեջ իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում նաև 2008 թվականին «Արենի-1» քարանձավային համալիրի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը ըստ Կալիֆոռնիայի և Օքսֆորդի համալսարանների լաբորատորիաներում իրականացված քննության, թվագրվում է Ք. Ա 3600-3500 թվականներով: Ցուցադրությանը այն կներկայացվի հատուկ ոտնամանի համար պատրաստված կայուն պայմաններ ապահովող նոր ցուցափեղկում:
«Ցուցափեղկը ենթադրում է կայուն ջերմախոնավային համակարգեր, որոնց անընդհատ աշխատանքի միջոցով հնարավորություն կտրվի ապահովել կայուն միկրոկլիմա, ինչն ամենակարևոր պայմանն է փխրուն նյութերի պահպանության համար»,-ավելացրեց տնօրենը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն ընդգծեց՝ այն, ինչ Հայաստանում և հատկապես Արենիում պեղումների արդյունքում հայտնաբերվել է, փոխում է հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումները:
«Վերջին տարիների պեղումները ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհն ու Հայաստանը Աֆրիկայից դուրս մարդու երկրորդ բնօրրանն են: Մենք հիմա ցուցադրում ենք բավականին արժեքավոր ցուցանմուշներ: Օրինակ, այս ոտնամանը, որն իսկապես Քարաշամբի գավաթի և դրա նման մի շարք այլ գտածոների նման ունի համաշխարհային նշանակություն և ցուցադրվում է մեր թանգարանում»,-ասաց Բորիս Գասպարյանը:
Սա հիմանական ցուցադրության ընդամենը մի մասն է և առաջիկայում նաև կներկայացվեն մյուս դարաշրջանները: Հաջորդ փուլը նվիրված է լինելու բրոնզե դարաշրջանին, որի հետ կապված ներկայացվելու է բավական մեծ հավաքածու:
Թանգարանի ցուցանմուշների պահպանման պայմանների բարելավման նպատակով պետական ֆինանսավորմամբ արդիականացվել է թանգարանի օդափոխման համակարգը: Այդ նպատակով ծախսվել է 400 մլն դրամ: Պայմանների բարելավման աշխատանքները շարունակվելու են: