ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երկարատև դադարից հետո կրկին բեմ է վերադառնում. ժամեր առաջ Հայկ Մարությանը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-20-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կսպասի իր հանդիսատեսին՝ ներկայացնելու իր նոր՝ «Քաղաքապետը» մոնոներկայացումը:
«Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնոներկայացումը` «Քաղաքապետը»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Մարությանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Տեսանյութում նախկին քաղաքապետը խոստանում է՝ քաղաքական բնույթի բոլոր հարցերի պատասխանները հանրությունը կստանա ներկայացման ընթացքում:
«Քաղաքապետ»-ի տոմսերի գինը տատանվում է 4-20 հազարի սահմանում: Սեպտեմբերի 19-ի տոմսերը սպառվել են հայտարարությունից 3 ժամ անց: