Քաղաքականություն

ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծումը շարունակում է առանցքային մնալ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծումը շարունակում է առանցքային մնալ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«1991 թ․սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։

Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։

Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք,որպես միջազգային հանրության անդամ,ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանանվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում