Պաշտոնական

Շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Հռչակագիրը նաեւ մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը եւ կյանքի կոչվեց:

Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները եւ Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգեւ է,ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է, այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը եւ չթուլացող զգոնությունը:

Մեր տեւական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ եւ բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ:

Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն եւ մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի զարգացմանը:

Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում