ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռ բնակավայրում անցկացվում է «Նկարում ենք լույսը» խորագրով երիտասարդ նկարիչների Պլեներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ օգոստոսի 17-ին մեկնարկած պլեները կավարտվի օգոստոսի 21-ին:
Նախագիծն իրականացնում է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը:
«Նպատակն է՝ ուշադրություն հրավիրել գյուղի խնդիրների վրա, իրականացնել մեկ բարեգործական ծրագիր, հայտնաբերել գյուղում հյուրընկալ տներ եւ նպաստել ապագայում գյուղական տուրիզմի զարգացմանը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Երանուհի Սողոյանն՝ ընգծելով, որ տարբեր գործողություններով նաև փորձ է արվում հետաքրքիր դարձնել հատկապես գյուղական համայնքների երեխաների կյանքը:
Նախաձեռնողների խոսքով՝ պլեների՝ «Նկարում ենք լույսը» խորագիրը պատահական չէ ընտրված. վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ու փորձությունների պատճառով մարդկանց մոտ մեծացել է լույսի ու պայծառ գույներ տեսնելու ցանկությունը:
«Բացի այդ, չմոռանք որ Ջաջուռը Մինաս Ավետիսյանի ծննդավայրն է, իսկ Մինասն իրեն համարում էր լույսի նկարիչ: Քանի որ պլեներն անցկացվում է հանուն Ջաջուռի, որոշեցինք այդ խորագիրն ունենալ և ստեղծել լուսավոր կտավներ»,-ասում է Երանուհի Սողոյանը:
Պլեներին հայտնի գեղանկարիչների կողքին մասնակցում են նաև երիտասարդ ուսանողներ: Պլեների շրջանակում ստեղծված կտավները մեկ շաբաթից կներկայացվեն բարեգործական աճուրդ-վաճառքի, որից ստացված գումարները կուղղվեն Ջաջուռի խնդիրների լուծմանը:
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել նաև ֆլեշ-մոբ, որի շրջանակներում նկարիչները մեկ օր վարպետության դաս անցկացրեցին համայնքի երեխաների համար, իսկ B612 նկուղ-արվեստանոցի կողմից երեխաները ստացան նկարչական պարագաներ:
Ծրագրի ֆինանսական աջակիցներն են Ախուրյան խոշորացված համայնքը, անհատ բարերարներ:
Արմենուհի Մխոյան