Մշակույթ

Ուջանում նախատեսվող «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկված են վավերագրական ֆիլմեր շուրջ 20 երկրից

2 րոպեի ընթերցում

Ուջանում նախատեսվող «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկված են վավերագրական ֆիլմեր շուրջ 20 երկրից

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կիրականացնի «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։

Ցերեկային ցուցադրությունները լինելու են Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ժամը 20:00-ից մինչև կեսգիշեր՝ Ուջանի այգում՝ բաց երկնքի ներքո։ Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) և կինոտեսաբան Թինա Բաստաջյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդես կգա «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախոսությամբ։

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Փառատոնի շրջանակում կգործի նաև Ուջանի կինոդպրոցը, որտեղ ուջանցի երեխաները, փառատոնի մասնագետների օգնությամբ կնկարեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն փակման արարողության ժամանակ։ Դպրոցը գործում է 2019 թվականից։

Վիետնամից ժամանած ռեժիսոր և արտիստ Թհու Ան Նգույենը կվարի կոլաժի աշխատարան Ուջանի և հարակից գյուղերի նկարչական խմբակների երեխաների համար. ստեղծված կոլաժները կցուցադրվեն փառատոնի ավարտին։

Հայ և վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար հատուկ աշխատարան կվարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսենը:

Փառատոնի շրջանակում Ուջան ժամանած արտերկրյա շուրջ 30 հյուրերը մեկ շաբաթ կապրեն ուջանցիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին և մշակույթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում