Մշակույթ

Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում

4 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի և Եվրոպայի մի շարք քաղաքներում շուտով կցուցադրվի ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա»(Սրբազան Հայաստան) ֆիլմը։ Այն ռեժիսորի երկրորդ լայնամետրաժ փաստավավերագրական աշխատանքն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Orer.am-ը գրում է, որ հեղինակի առաջին ֆիլմը՝ «Հայաստանի գանձերը», ցուցադրվել է Եվրոպայի տարբեր քաղաքների կինոթադրոններում, հայկական ընկերակցություններում, ինչպես նաև Կանադայում։

«Արմենիա Սակրան» լիամետրաժ, 65 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ է։ Կինոնկարի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը: Հուշարձանների, եկեղեցիների պատմությունը հայերեն լեզվով մանրամասն ներկայացնում է ֆրանսիացի հայտնի օպերայիներգիչ Մարիո Հաքքարդը։Ֆիլմը առանձնահատուկ է նյութի հարստությամբ և հագեցվածությամբ, տեսարանների բազմազանությամբ։

Նկարահանումները Հայաստանում և Արցախում կատարվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և թույլատրությամբ։ Արցախում նկարահանված եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերը այժմ գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածնքերում, և փաստորեն, բացառիկ և վերջին վավերացված կադրերն են։

Ֆիլմում բացառիկ հարցազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակհայագետ Ժան Պիեր Մահեն։ Չնայած այն փաստին, որ ֆիլմը փաստավավերագրական է, այն յուրահատուկ է իր պատկերի և սցենարի գրավչությամբ։ Լինելով մասնագիտությամբ նաև լուսանկարիչ և նկարիչ՝ ֆիլմի հեղինակը կադրային, լույսի և ստվերի յուրահատուկ լուծումների միջոցով ֆիլմին հաղորդել է մոգականություն։ Ֆիլմը ֆրանսերեն է, շուտով նախատեսվում է այն թարգմանել նաև հայերեն։ Ռեժիսորը ցանկանում է երրորդ՝ մեծամասշտաբ ծրագրով նոր ֆիլմ նկարահանել, որը կներկայացնի Հայաստանը՝ տարվա չորս եղանակներին։

Կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանը արտերկրում է ապրում 11 տարեկանից։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վարշավայում։ Տեղափոխվելով Ֆրանսիա՝ ուսանել է Փարիզի հեղինակավոր Գեղեցիկ արվեստի բարձրագույն համալսարանում՝ լուսանկարչության բաժնում։ Դեռ մանկուց զբաղվել է գեղանկարչությամբ, անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում և Ֆրանսիայի տասնյակ ցուցասրահներում։

Նարեկ Ոսկանյանը բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմերի, խաղարկային տեսահոլովակների, հեռուստանախագծերի հեղինակ է; ֆրանսիայում գործող հայ-ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքի համահիմնադիրն է։

«Արմենիա Սակրա» ֆիլմի պրոդյուսերՆարե Թադևոսյանըհույս է հայտնում, որ երկրորդ ֆիլմը կկրկնի և նույնիսկ կգերազանցի առաջին ֆիլմի հաջողությունը։ Սա Նարեկ Ոսկանյանի և Նարե Թադևոսյանի երկրորդ համագործակցությունն է։ Նարեն շուրջ 6 տարի է Ֆրանսիայում աշխատում է որպես անկախ պրոդյուսեր։ Վերջինս երեք տարի եղել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի թղթակիցը Փարիզում։ Հանդիսանում է հայ-ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքի «Աղմենիինֆոյի» համահիմնադիրը և բազմաթիվ հեռուստածրագրերի թղթակից և ծրագրի ղեկավար։ Համագործակցել է հայկական, ռուսական, բելառուսական, ինչպես նաև Դուբայի հեռուստաընկերությունների հետ։ Հեղինակն է մի շարք հեռուստածրագրերի և հաղորդումների։ «Արմենիա Սակրա» ֆիլմը պրոդյուսերը ցանակում է ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում, որտեղ գոյություն ունի հայկական սփյուռք։ Պրոդյուսերի խոսքով՝ եթե սփյուռքյան կազմակերպությունները, դեսպանատները ակտիվություն ցուցաբերեն ֆիլմը կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներում, քանի որ այն նկարագիր է տալիս նաև օտարազգիներին, թե ինչպիսին է Հայաստանը, Արցախը, մեր պատմությունը, մշակույթը, ինչպես նաև լավ գործոն է զբոսաշրջությունը զարգացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում