Եգիպտացի ռեժիսոր Էսսամ Նագին «Նարեկացի» կենտրոնում ցուցադրեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասին վավերագրական ֆիլմը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտացի լրագրող և ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմն աշխարհին պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային կյանքի, Արցախի փախստականների մասին, որոնք այժմ բնակվում են Սյունիքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ հուլիսի 29-ին հանրության լայն շրջանակն այն դիտելու հնարավորություն ունեցավ «Նարեկացի» արվեստի միությունում:
Էսսամ Նագին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց՝ կարծում է, որ միջազգային հանրությունն այնքան էլ խորամուխ չի լինում Արցախյան հիմնախնդրի մեջ, ուստի իր պարտքն է ֆիլմի միջոցով պատմել իրողությունը:
Նագին պատերազմի ընթացքում Հայաստանում չի եղել: Եկել է պատերազմից վեց ամիս անց: «Պատերազմի ժամանակ այնքան էլ հեշտ չէր գալ Հայաստան, քանի որ դա չափազանց էմոցիոնալ կլիներ: Ես չէի ցանկանում այդ ապրումները փոխանցել աշխարհին, ուզում էի՝ մարդիկ հանդարտվեն, խորհեն կատարվածի մասին»,-նշեց նա:
Էսսամ Նագին կարծում է, որ հայերը բազմիցս կոտրվել են ու վերականգնվել, և նրանք ամուր հոգի ունեն: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է տեղեկացված լինի, իմանա ճշմարտությունը, կանգնի Հայաստանի կողքին, որպեսզի կատարվածը չկրկնվի:
Հեղինակը նախատեսում է կինոնկարը ցուցադրել Գորիսում և Գյումրիում, այնուհետև կինոփառատոններում: Նա ֆիլմի միջոցով ուզում է ցույց տալ, որ հայերը միայնակ չեն:
Ռեժիսորի հետ զրուցելիս նկատեցինք, որ նա կրում է մատանիներ, որոնցից մեկի վրա գրված է «Երևան», իսկ մյուսի վրա տերունական աղոթքն է: Նագին ասաց, որ տարիներ շարունակ կրում է մատանիները, քանի որ Հայաստանն իր սրտում է:
Էսամ Նագին վավերագրական ֆիլմեր է թողարկել և նկարահանել շատ երկրներում, որոնց թվում են Իրաքը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Ռուանդան, Հայաստանը, Ուգանդան և այլն: Հիմնել է Firsttree.art արտադրական ձեռնարկությունը, որն արվեստին առնչվող նախագծեր է առաջ քաշում և թողարկում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
Մառախլապատ Գորիսում 2020-ի պատերազմից մեկ տարի անց սկսվել են «Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմն ընդգրկում է հայ խիզախ կանանց նկարագրությունները՝ Հայաստանի պատմության հետ միահյուսված: «Մոռացված հայրենիքը» լուսաբանում է Հայաստանի, հատկապես երկրի ամենահարավային մարզի՝ Սյունիքի աշխարհագրական և ռազմավարական կարևորությունը, պատմական ու ներկա մարտահրավերները և մշուշոտ ապագան նման անկայուն տարածաշրջանում: