FemInno կանանց միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները ակտիվ փուլում են. հիմնադիրը կիսվել է մանրամասներով

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվելիք FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները ակտիվ փուլում են: Համաժողովը անց է կացվելու հուլիսի 30-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ը կազմակերպիչների հետ մասնակցեց նախապատրաստական աշխատանքներին և զրուցեց համաժողովի հիմնադիր Սեդա Պապոյանի հետ, ով շեշտեց՝ սա Հայաստանում երբևէ կազմակերպված ամենամեծ համաժողովն է, որի կենտրոնական թեման կանանց ներգրավումն է տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում: «Սա կոնֆերանս է կանանց շուրջ, բայց ոչ միայն կանանց համար»,- ասաց Պապոյանը:

Նա պատմեց, որ որպես Girl in Tech միջազգային ցանցի հայաստանյան մասնաճյուղ՝ գործունեություն են ծավալում արդեն շուրջ 5 տարի՝ նպատակ ունենալով ներգրավել, կրթել և խրախուսել կանանց ներգրավումը տեխնոլոգիաների ոլորտում: Համաժողովը որոշել են անցկացնել դեռ 2020 թվականին: Հավատացել են, որ Հայաստանը կարող է իր վրա վերցնել տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց լինելու բավական կարևոր պատասխանատվությունը՝ նաև կանանց մասնակցության և խրախուսելու տեսանկյունից:

«Կոնֆերանսը նվիրված է կանանց՝ գիտության, տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտներում ներգրավմանը, խրախուսմանը և առաջխաղացմանը: Այստեղ շատ կարևոր է տղամարկանց դերը ևս, որովհետև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գերակշռում են տղամարդիկ և իրենք են որոշում կայացնողները: Հաճախ հենց այդ որոշում կայացնողները պետք է փոխեն իրենց մոտեցումները, որպեսզի կանայք խնդիրներ չունենան»,- ընդգծեց Պապոյանը:

Նրա համոզմամբ՝ տվյալ ոլորտներում կանայք ստիպված են լինում նախ ապացուցել, որ իրենք ունեն բավարար կարողություններ, և միայն հետո նրանց հնարավորություն է ընձեռնվում արդյունք ստեղծել: Ինչո՞ւ ջանք ու ժամանակ վատնել միայն սեռով պայմանավորված խտրականության վրա՝ ընդգծում է Պապոյանը: Պետք է ընկալել մարդուն որպես մասնագետ և աշխատանքի մեկնարկը տալ հենց այդ կետից:

«Կոնֆերանսը եկել է ցույց տալու, որ կանայք ոլորտում ապացուցելու ոչ մի բան չունեն»,- նշում է կոնֆերանսի հիմնադիրը՝ ընդգծելով, որ համաժողովը կրում է Female is now (թարգմ. - «Կանանց ժամանակը հիմա է») խորագիրը:

«Մենք փորձում ենք հաստատել, որ ոչ թե ապագան է կանանցը, այլ կանանց ժամանակը հիմա է, ներկան կանանցն է»,- նշեց նա:

Պապոյանը հայտնեց, որ համաժողովին բացման ելույթով հանդես է գալու ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ ի աջակցություն գաղափարի և այն ջանքերի, որոնք գործադրվել են կոնֆերանսի կայացման գործում:

Կոնֆերանսին մասնակցող՝ ավելի քան 15 երկիր ներկայացնող շուրջ երեք տասնյակ բանախոսների շարքում թե՛ կանայք են, թե՛ տղամարդիկ: Պապոյանն ընդգծում է՝ լինելու են տղամարդ խոսնակների կողմից համարձակ ելույթներ այն մասին, որ տղամարդիկ են սխալ այս խտրականությունը ստեղծելու ճանապարհին:

Համաժողովի ընթացքում կամփոփվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։ Ստացվել են ավելի քան 50 հայտ: Ունեն մասնագիտական ժյուրի, որը կորոշի ընտրված տասնյակի լավագույն ստարտափին կամ ստարտափներին: Իսկ մրցանակային ֆոնդը 10 հազար դոլարի սահմաններում է: 10 ստարտափներից հինգը Հայաստանից է, երկուսը՝ Հորդանանից, մեկը՝ Բահրեյնից, մյուսները՝ Տանզանիայից և Քենիայից:

Համաժողովին պետք է ելույթ ունենար նաև 2022 թվականի ապրիլին դժբախտ պատահարի հետևանքով զոհված Սոնա Մնացականյանը: Համաժողովի կազմակերպիչները որոշել են հենց նրա անունով կոչել FemInno-ի կրթաթոշակային ծրագիրը: Պապոյանը նշում է՝ Սոնան ոլորտում բավականին լուրջ հաջողությունների հասած կին էր, ում ելույթը, վստահաբար, շատերին կոգևորեր:

Կրթաթոշակ կտրամադրվի 3 հիմնական ուղղություններով՝ վերականգնվող էներգիա, տեխնոլոգիա և գիտություն: Կրթաթոշակի ֆոնդը հավաքվում է «ռեԱրմենիա» հարթակում: Ֆոնդի սահմանաչափը նախատեսվում է 50 հազար դոլար, հանգանակություններ հնարավոր է անել մինչև հուլիսի 30-ը՝ հետևյալ հարթակում:

«Ստացել ենք 40 հայտ: Կրթաթոշակները տրվելու են Հայաստանը և Արցախը ներկայացնող՝ 18 և բարձր տարիքի տասը աղջիկների և կանանց, որոնք բավական հիմքեր ունեն աջակցություն ստանալու համար»,- նշեց Պապոյանը:

Հուլիսի 30-ի երեկոյան կկայանա մրցանակաբաշխությունը, Սոնայի ամուսինը` Աշոտ Վարդանյանը, հանդես կգա ելույթով և կհայտարարի կրթաթոշակային ծրագրի բացումը: Մրցանակները կհանձնի Սոնայի մայրիկը:

FemInno համաժողովը լինելու է շարունակական: Ամեն տարի ամռանը կազմակերպիչները գնահատելու, արժևորելու են կանանց դերը տեխնոլոգիաների, գիտության մեջ: FemInno-ի հիմնադիրը շեշտում է՝ սա համերաշխության կոնֆերանս է, ուզում են սեռերի միջև հետաքրքիր համագործակցային մթնոլորտ ստեղծել, որոշում կայացնողերին ցույց տալ, որ կանայք իսկապես կարողանում են արժեքներ ստեղծել և պետք չէ նրանց նկատմամբ խտրական լինել:

Կարինե Տերտերյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում