ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ, մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը, որը կիրականացվի նաեւ Գեղարքունիքի մարզում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ծրագիրը նպաստելու է հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն ու հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։
Ծրագրի մեկնարկի նպատակով Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի 8 բժշկական կենտրոնների եւ առավել մեծաթիվ բնակչություն սպասարկող առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենների մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Խուրշուդյանը ներկայացրեց «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագրի հիմնական ուղղությունները։
«Ապացուցված է, որ բնակչության 75-90 տոկոսը հոգեկան առողջության ուղղությամբ չունեն բժշկական մասնագիտական աջակցություն եւ չգիտեն՝ ում դիմեն, որպեսզի այդ խնդիրը հնարավորինս կարգավորվի։ Ելնելով նշված հանգամանքից՝ մենք նախաձեռնեցինք այս ծրագիրը, որի շնորհիվ հնարավոր կլինի վերապատրաստել առաջնային օղակների 1-ական մասնագետների, որպեսզի նրանք կարողանան հասկանալ բնակչության հոգեկան խնդիրները, անհրաժեշտության դեպքում ցուցաբերեն խորհրդատվություն ու համապատասխան աջակցություն՝ հիվանդին ուղղորդելով նաեւ նեղ մասնագետների մոտ»,- նշեց ԱՀԿ ներկայացուցիչը։
«Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի եւ կավարտվի 2023 թվականի մարտ ամսին։ Այդ ընթացքում մարզի բուժհիմնարկներից ընտրված բուժաշխատողները կանցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ հոգեկան առողջության առաջնահերթ խնդիրներ ունեցող անձանց վաղ հայտնաբերման, վարման եւ ուղղորդման մոտեցումների վերաբերյալ նոր հայեցակարգի մասին:
Խոսրով Խլղաթյան