Մշակույթ

Թումո-Գյումրիում այսուհետ կգործի դրամատիկական արվեստանոցը

3 րոպեի ընթերցում

Թումո-Գյումրիում այսուհետ կգործի դրամատիկական արվեստանոցը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումո-Գյումրի հաճախող սաներն այսուհետ հնարավորություն կունենան զարգացնել նաև իրենց դերասանական հմտությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքանի նախաձեռնած դրամատիկական արվեստանոցի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց հուշագրի ստորագրմամբ՝ «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի և Սերժ Ավետիքանի միջև:

«Թատրոնը մեզ համար կարևոր է: Կարևորում ենք այս համագործակցությունը և հասկանում, որ սա լավ առիթ է համագործակցելու»,-իր խոսքում նշեց «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը՝ ընդգծելով, որ ունեին ֆիլմերի ստեղծման դասընթացներ, իսկ սաներին դերասանական հմտությունները զարգացնելու հնարավորությունը գալիս է լրացնելու դրանց:

Սերժ Ավետիքանն ևս կարևորեց համագործակցությունը՝ ընդգծելով, որ հատկապես Գյումրիի այն շենքը, որտեղ գործում է «Թումո»-ն, թատերական հարուստ ավանդույթներ ունեցող կառույց է․ այստեղ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան: «Այս նախաձեռնությունը ինչ-որ կերպ հետ է բերում այս շենքի ոգին: Իմ կարծիքով սա ճիշտ ճանապարհ է, ու ես հպարտ եմ, որ դա անում ենք Գյումրիում»,-նշեց Սերժ Ավետիքանը՝ տեղեկացնելով, որ սա, ըստ էության, երկրորդ տարին է, որ «Թումո»-ի հետ նման ծրագիր է իրականացվում։

Առաջին տարվա համագործակցությունից հետո արվեստանոցի վեց երիտասարդ դերասաններ մասնագիտական պրակտիկա են անցել Փարիզի JLMB ստուդիայում։

Ապրիլին հայտարարված ընդունելության ընթացքում երկու նախընտրական փուլերի արդյունքում առաջադրված 62 թեկնածուներից ընտրվել էին 30-ը՝ պրոֆեսիոնալ և նորավարտ արտիստներ, որոնցից 20-ը Երևանում և 10-ը՝ Գյումրիում:

Ուսանողները, ովքեր առանձնակի մասնագիտական հաջողություններ կգրանցեն, ինչպես նաև առաջընթց կարձանագրեն ֆրանսերենի ուսուցման հարցում, կրկին հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Փարիզի թատերական ստուդիաներում։

Այս տարի նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, «SPFA» ընկերության,«KASA», «Miassine» հիմնադրամների, Le Courrier d’Erevan-ի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Գյումրիի համայնքապետարանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում