ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Ռուբինյանը ներկայացրեց պատճառը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում` ԱԺ խորհրդի նիստից հետո, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն էր:

Ռուբինյանը նախ հայտնեց, որ քանի որ այն պատգամավորները, ում վերաբերում էր քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղափոխվում է 1 շաբաթ անց:

Իսկ ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության որոշմանը՝ Ռուբինյանն ասաց. «Որոշումը հետևյալն է՝ նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ դրա համար մի քանի պատճառներ կան: Նրա խոսքով՝ նախ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման համար առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված:

«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Մենք հարգում ենք այդ քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը և փիլիսոփայությունն առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,-ասաց Ռուբինյանը:

Այսպիսով՝ ըստ ԱԺ փոխնախագահի՝ՍԴ չդիմելու որոշման առաջին պատճառը ժողովրդի տված քվեի հանդեպ հարգանքն է:

«Երկրորդն այն է, որ կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայունություն և համերաշխություն: Եվ վերջինը՝ մենք կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, թե մենք պետք է դիմենք ՍԴ և նրանց փախուստի «փրկօղակ» նետենք ԱԺ-ից, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պետք է նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, մենք պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն, ինչ ուզել ենք ասել, ուզում ենք ասել և ասում ենք»,-ասաց Ռուբինյանը:

Նա նաև ընդգծեց, որ ՔՊ խմբակցությունը չի մանդատներից զրկելու հարցը օրակարգ բերել, կա ընթացակարգ՝ երբ պատգամավորների բացակայության շեմը հատվում է, ավտոմատ կերպով հարցը մտնում է խորհրդի քննարկման տիրույթ:

Եթե հաջորդ նստաշրջանում ևս ընդդիմադիրները չգան խորհրդարան, ապա Ռուբինյանն ասաց, որ դա կնշանակի, որ այդ նստաշրջանում նույնպես կծագի իրենց բացակայությունների հիմքով ՍԴ դիմել-չդիմելու հարց և իրենք կքննարկեն: «Եթե խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները շարունակաբար որոշում են չգալ և վերահաստատում են իրենց հարգանքի բացակայությունը ժողովրդի քվեի հանդեպ, այդ առումով գուցե մեզ մոտ այլ քննարկումներ ծավալվեն այդ թեմայով»,-ասաց նա:

Ընդդիմադիրներ տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում ԱԺ նիստերին, նրանք փողոցային պայքար էին սկսել: ԱԺ-ն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ավելի վաղ փոխնախագահի պաշտոնից հեռացրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ընդդիմադիր Արմեն Գևորգյանն էլ հրաժարվել էր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը, սակայն, չի հրաժարվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Հայերեն English Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին