Մշակույթ

Երաժշտաթատերական ներկայացում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

2 րոպեի ընթերցում

Երաժշտաթատերական ներկայացում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակում են ընդլայնել իրենց սահմանները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հուլիսի 18-ին Գյումրիում կայանալու է երաժշտաթատերական ներկայացում, որը նախատեսվում է ներկայացնել նաև Վանաձորում (հուլիսի 19-ին) և Դիլիջանում (հուլիսի 29-ին):

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ հնչելու են բանաստեղծի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները՝ ներկայացնելով ստեղծագործող անհատին, մարդուն, հայրենասերին, սիրահարին, ընտանիքին, բանտարկված, ողբերգական և միաժամանակ պայքարի խորհրդանիշ դարձած Չարենցին: Ցուցադրվելու է նաև բանաստեղծի կյանքին ու ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ վաստակավոր արտիստներ, դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը: Երեկոյին ներկա են լինելու նաև Սամվել Թոփալյանը, Մխիթար Ավետիսյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Քրիստինա Ոսկանյան): Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարելու է հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից հատվածներ:

Համերգը ղեկավարելու է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, մենակատարը Հովհաննես Անդրիասյանն է (տենոր), նախագծի ռեժիսորն ու կոմպոզիցիայի հեղինակն է Արամ Սուքիասյանը, իսկ տեսանյութերի մոնտաժն ու անիմացիան իրականացնելու է Արմեն Գալոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում