Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կիրականացնեն սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համատեղ իրականացնելու նպատակով, ինչպես նաև հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, դրա ավանդույթների պահպանման, ճանաչման ընդլայնման և հանրահռչակման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ փառատոնը ամենամյա է, իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Փառատոնի գլխավոր նպատակն է տարածել դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները լայն շրջանակներում, ինչպես նաև սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսգրումը, նոտաների թվագրումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն կտա հայ երիտասարդ կոմպոզիտորներին ներկայացնել իրենց նոր ստեղծագործությունները»,- ասաց Բալբաբյանը:

Նա հավելեց, որ փառատոնի համերգային երեկոներին հանդես կգան մենակատարներ Հայաստանից և արտասահմանից՝ իրենց երգացանկում ընդգրկելով դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ այս փառատոնը ոչ միայն հնարավորություն կտա հռչակել հայ կոմպոզիտորների արդեն հնչած ստեղծագործությունները, այլ նաև կլինեն կատարումներ, որոնք կհնչեն առաջին անգամ, որոնք հնարավորություն կտան և՛ երիտասարդ կոմպոզիտորներին, և՛ այն կոմպոզիտորներին, ովքեր արդեն հայտնի են, հնչել այս նվագախմբի շնորհիվ:

«Ես ուրախ եմ համագործակցության համար և կարծում եմ՝ կկարողանանք շարունակել մեր քայլերը և հանրահռչակել ժամանակակից ստեղծագործությունները»,-ասաց Սաթյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծեց, որ ակնկալում է մասնագիտական հանրության ավելի մեծ ներգրավվածությունն այս փառատոնին: «Անընդունելի է, որ այս փառատոնից անմասն մնա որևէ շահագրգիռ կառույց: Ուզում եմ նորից ու նորից կոչ անել, որ երաժշտագիտական հանրությունը ակտիվանա այս հարցում, և վստահ եմ, որ միայն այս փուլը միասին հաղթահարելուց և անցնելուց հետո խթան կստեղծենք ժամանակակից կոմպոզիտորական արվեստի դպրոցի զարգացման և առաջընթացի համար»,- եզրափակեց Խզմալյանը:

Փառատոնի աշխատանքներին կաջակցի փառատոնին կից ձևավորված գեղարվեստական խորհուրդը, որտեղ ընդգրկված են անվանի արվեստագետներ և երաժիշտներ:

Հայերեն Español