Ֆիլմերից ծանոթ վայրեր, էքստրեմալ տուրեր, սպիտակ ու կապույտ տներ և առևտրականների հետ սակարկումներ. լրագրողների մեկշաբաթյա արկածները Թունիսում
11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային ամիսներին ընդառաջ շատերը կանգնում են ամենակարևոր հարցի առաջ՝ որտե՞ղ անցկացնել հանգիստը: Հայ զբոսաշրջիկների համար, վստահաբար, դեռևս ամբողջությամբ չբացահայտված ուղղություն է Թունիսը: Այս պահին ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հայ զբոսաշրջիկներն առանց ավելորդ բարդությունների կազմակերպեն իրենց հանգիստը Աֆրիկայի հյուսիսում գտնվող՝ պատմությամբ, մշակույթով, զբոսաշրջային գեղատեսիլ վայրերով հարուստ Թունիսում:
«Նուվելէյր» ավիաընկերությունն ամեն շաբաթ ուղիղ չարտերային թռիչքներ է իրականացնում Թունիսի հայտնի հանգստավայր Մոնաստիրից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ: Հայկական «Անռիվա-տուր» տուրօպերատորին ոչ միայն հաջողվել է մեր երկիր բերել թունիսյան ավիաընկերությանն, այլև Թունիս մեկնել ցանկացող հայ զբոսաշրջիկների համար անհամեմատ դյուրացնել մուտքի արտոնագրի (վիզա) ստացման գործընթացը։ Մինչ այս Թունիսում հանգստանալ ցանկացող ՀՀ քաղաքացիները ստիպված էին տարանցիկ, հոգնեցնող թռիչքով տեղ հասնել՝ վիզան ստանալով երրորդ երկրում՝ Մոսկվայում գտնվող Թունիսի դեսպանությունից։ Արդյունքում՝ վիզայի արժեքը մոտ 150-200 դոլար էր ստացվում (հյուպատոսական վճարին ավելանում էր փաստաթղթերի առաքման ծառայության գումարը), նաև սա բավականին ժամանակատար գործընթաց էր։ Հիմա «Անռիվա-Տուր»-ի առաջարկած փաթեթներով, որոնք կարելի է ձեռք բերել հայաստանյան բոլոր տուրիստական ընկերություններից, Մոնաստիր մեկնող ՀՀ քաղաքացիները վիզան ստանում են Թունիսի օդանավակայանում՝ 25 դոլար վճարելով։ Երևանից մինչև Մոնաստիր ուղիղ չվերթի տևողությունը մոտ 4 ժամ է:

«Անռիվա-տուր»-ի նախաձեռնությամբ՝ Հայաստանից լրագրողների խումբ էր մեկնել Թունիս: Հագեցած ու հետաքրքիր օրակարգով տուրի ընթացքում հնարավորություն ունեցանք շրջել տարբեր հանգստավայրերում, ծանոթանալ երկրի պատմությանն ու մշակույթին: Տպավորություններն աննկարագրելի են: Թունիսն, անխոս, գրավիչ երկիր է ցանկացած նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկի համար: Վստահաբար, Թունիս կարող են այցելել ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ հանգստի սիրահարները: Սուս և Համամեթ քաղաքները իդեալական տարբերակ են ծովափնյա հանգիստը սիրող զբոսաշրջիկների համար: Ակտիվ տուրիզմի սիրահարները կարող են վայելել անապատում կվադրոցիկլով զբոսանքը, ամենագնացներով տուրը, ուղտերով զբոսանքը, որոնց ընթացքում ադրենալինի մեծ չափաբաժինն ապահովված է: Իհարկե, Թունիսը նաև հարուստ պատմություն ու մշակույթ ունի և այս տեսանկյունից էլ շատ զբոսաշրջիկների համար հետաքրքիր, տպավորիչ ու գրավիչ երկիր է: Մի խոսքով՝ Թունիսը պարտադիր այցելության երկիր է, իսկ թե ինչ տուրեր են առաջարկվում, տեսարժան ինչ վայրեր կան այս երկրում՝ կներկայացնեմ հոդվածում:
Էլ Ջեմի Ամֆիթատրոն
Թունիսում պարտադիր այցելության վայր է մեր թվարկության 3-րդ դարում կառուցված ամֆիթատրոնը, որը եղել է մեծությամբ չորրորդը Հռոմեական Կայսրությունում: Այստեղ անցկացվել են գլադիատորական մարտեր, մարտեր վայրի կենդանիների, ինչպես նաև վայրի կենդանիների և գլադիատորների միջև, բեմադրվել են ներկայացումներ: Ամֆիթատրոնում անցկացվել են նաև քրիստոնյաներին, որոնք այն ժամանակներում «անհավատներ» էին համարվում, հրապարակային պատժելու միջոցառումներ. վերջիններիս դուրս են բերել արենա, նրանց վրա բաց են թողել վայրի կենդանիների։

Ամֆիթատրոնը շատ լավ պահպանված է: Դրա տարածքում շրջելու ընթացքում կարելի է տեսնել խցերը, որտեղ մարտերից առաջ պահվել են գլադիատորները, վայրի կենդանիները, սենյակները, որտեղ ներկայացումներից առաջ պատրաստվել են դերասանները: Շրջայցն ամֆիթատրոնում իսկապես տպավորիչ էր: Տարածքում քայլելու ընթացքում զգում ես դարերի շունչն ու անկախ քեզանից լրջանում ու սառում՝ պատկերացնելով, թե ժամանակին ինչպիսի դաժան իրադարձություններ են եղել այդ վայրում: Կարելի է ասել՝ ամֆիթատրոնում շրջայցը յուրատեսակ ծանոթություն ու զրույց էր դարերի խորքից եկող պատմության հետ:
Թունիսում նշում են, որ հոլիվուդյան հանրահայտ «Գլադիատոր» ֆիլմը սկզբում ցանկացել են նկարահանել հենց Էլ Ջեմի ամֆիթատրոնում, սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով նկարահանումներն այլ վայր են տեղափոխվել, սակայն ֆիլում գլադիատորական մարտերի տեսարանները նկարահանվել են հենց Թունիսի ամֆիթատրոնի նմանությամբ հավաքած դեկորացիայում:

Կվադրոցիկլով էքստրիմ զբոսանք Սահարա անապատում
Անապատում կվադրոցիկլ վարելն աննկարագրելի հաճույք է: Կարծում եմ՝ ինձ հետ համաձայն կլինեն բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեցել են վայելել դա: Բացի այն, որ կարելի է անվերջ բավականություն ստանալ անապատի ավազների մեջ ու ավազաթմբերի վրայով կվադրոցիկլ վարելուց, դրան գումարվում է նաև գեղեցիկ տեսարանը, որը ձեր առջև բացվում է այդ ընթացքում, քանի որ այս տուրերը, հիմնականում, կազմակերպում են մայրամուտի կամ արևածագի ժամերին: Թե ինչ գեղեցիկ տեսարան է բացվում ձեր առջև, բառերով դժվար է նկարագրել, դա պետք է տեսնեք ձեր աչքերով: Հետևաբար, Թունիս այցելող զբոսաշրջիկը պետք է պարտադիր օգտվի նաև այս ամենը վայելելու հնարավորությունից:

Ամենագնացներով էքստրիմ զբոսանք՝ անապատում
Անապատային արկածները միայն կվադրոցիկլ վարելով չեն ավարտվում: Ադրենալինի բարձր չափաբաժին է հաղորդում նաև ամենագնաց ավտոմեքենաներով զբոսանքն անապատում: Ամենագնացների պրոֆեսիոնալ վարորդները շուրջ 40 րոպե մեքենան վարում են բարձր արագությամբ, հաղթահարում են շատ դժվար, երբեմն անհաղթահարելի թվացող խոչընդոտներ, ուղևորների համար անսպասելի անում են մանևերներ, որոնց ընթացքում անընդհատ տպավորություն է, որ մեքենան շրջվելու է, սակայն զբոսանքի վերջում մնում են միայն դրական լիցքերն ու աննկարագրելի տպավորությունները: Այս տուրը ևս անցկացվում է մայրամուտին, որպեսզի զբոսաշրջիկները նաև անապատում գեղեցիկ լուսանկարներ ստանալու հնարավորություն ունենան:

Ի դեպ՝ ամենագնացներով տուրը միանշանակ անտարբեր չի թողնի «Աստղային պատերազմներ» աշխարհահռչակ ֆրանշիզի երկրպագուներին, քանի որ դրա 4-րդ մասի անապատային տեսարանները նկարահանվել են հենց Թունիսում, և ամենագնացներով տուրի ընթացքում զբոսաշրջիկներին տանում են նաև ֆիլմի նկարահանման վայր, որտեղ պահպանվել են բոլոր դեկորացիաները: Այնտեղ շրջայցը ևս անմոռանալի զգացողություններ է պարգևում՝ հնարավորություն տալով վերապրել ֆիլմի սիրելի դրվագները:

Շրջայց Հին Կարթագենում
Ներկայիս Թունիսի տարածքում է եղել մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում փյունիկցիների հիմնած Կարթագեն պետությունն՝ իր համանուն մայրաքաղաքով։ Հին Կարթագենում շրջայցի ընթացքում կարելի է տեսնել քաղաքի ավերակները, որոնք որոշակի պատկերացում են տալիս, թե ինչպիսի շինություններ են եղել քաղաքում։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև քրիստոնեական եկեղեցու ավերակներ։ Պեղումները քաղաքում անընդհատ շարունակվում են։

Բավականին լավ պահպանված է 2-րդ դարում կառուցված հռոմեական բաղնիքը, որն ունեցել է միանգամից 5-6 հազար մարդ սպասարկելու հնարավորություն։ Բաղնիքն ունեցել է նաև ՍՊԱ կենտրոն, մարզասրահ։ Բաղնիքը կառուցվել է Հռոմի Անտոնինոս Պիուս կայսեր օրոք։
Բաղնիքի տարածքը հրաշալի վայր է գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար։
Սիդի Բու Սաիդ
Այցելել Թունիս և չտեսնել թունիսցիների Սանտորինին՝ Սիդի Բու Սաիդը, նշանակում է չտեսնել Թունիսը։ Այս գեղեցիկ քաղաքում բոլոր տները ներկված են սպիտակ և կապույտ գույներով, որոնց համադրությունը քաղաքին հեքիաթային տեսք է տալիս։ Քաղաքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Միջերկրական ծով և նավահանգիստ։ Սիդի Բու Սաիդը Թունիսում պարտադիր այցելելու վայրերից է։

Սուսի հնագիտական թանգարան
Այս թանգարանում պահվում են պեղումների ժամանակ հայտնաբերված և շատ լավ պահպանված Հին հռոմեական խճանկարներ։ Այստեղ կարելի է տեսնել կյանքի տարբեր իրավիճակների, մարդկանց կենցաղի, գլադիատորական մարտերի մասին պատմող տպավորիչ խճանկարներ։
Թանգարանում շրջայցն էլ ավելի հետաքրքիր է դարձնում այն հանգամանքը, որ այն տեղակայված է միջնադարյան ամրոցի տարածքում, որը նախկինում նաև որպես բանտ է ծառայել։

Թունիսում առեւտուրը՝ «սակարկելու արվեստ»
Թունիսի՝ հիմնականում բոլոր քաղաքներում կան կոլորիտային շուկաներ (մեդինա), որտեղ առեւտուր անելը իսկական «սակարկելու արվեստ» է։ Թունիսում Մեդինա անվանում են քաղաքների հին հատվածները, որոնք վերածվել են տոնավաճառների։ Այս շուկաներում առեւտուր անելու համար պետք է սակարկելու լավ հմտություններ ունենաք, հակառակ դեպքում կարող եք ապրանքը գնել իր իրական գնից 10-20 անգամ թանկ գնով։ Օրինակ, ես նախնական 120 դինար արժողությամբ ապրանքը սակարկելու արդյունքում գնեցի 18 դինարով: Հետաքրքիրն այն է, որ հենց իրենք վաճառականները սիրում են, երբ սկսում եք սակարկել իրենց հետ։ Մեզ նույնիսկ վաճառականներից մեկը ապրանքի գինն ասելուց հետո առաջարկեց սակարկել գինը։ Ու, երևի, հենց այդ՝ սակարկելուց հաճույք ստանալու գործընթացն էր պատճառը, որ Թունիսից Երևան վերադարձա գրեթե դատարկ գրպաններով: Այնպես որ, մեդինաները ևս պարտադիր այցելության վայր են։ Այդ շուկաներում կատարած առեւտուրը և ստացած տպավորությունները երբեք չեք մոռանա։

Շանթ Խլղաթյան
Լուսանկարները՝ Ամալյա Տոնոյանի