19-րդ «Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն ենԷրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը,Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։ Ասոցիացված պրոդյուսեր՝ Անուշ Տեր-Խաչատրյան։ Սցենարի հեղինակներ՝ Լիկա Զաքարյան, Կարին Հովհաննիսյան։ Գլխավոր օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան։ Երաժշտությունը` Վան Սարգսյանի։ Հնչյունային ձևավորող՝ Լուսիեն Փալմեր, CAS։ Մոնտաժող՝ Մայքլ Թ. Վոլմեն։ Դերերում՝ Լիկա Զաքարյան, Լևոն Արշակյան, Արտակ Բեգլարյան և այլք։
Երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում և սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է Արցախյան 44-օրյա պատերազմի մի ամբողջական և բազմաշերտ պատմագրություն։
«Հպարտ ենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությամբ «Չտեսնված Հանրապետություն»-ը կմեկնարկի իր առաքելությունը, որն է աշխարհին տեսանելի դարձնել մեր հայրենիքի և իր ժողովրդի պատմությունը»,- ասում է ֆիլմի սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Լիկա Զաքարյանը։
Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսերԿարին Հովհաննիսյանը«1915» (2015թ.), «Ես մենակ չեմ» (2020թ.) և «Truth to Power» (2021թ.) մրցանակակիր ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորն է և «Ստվերների ընտանիք» գրքի հեղինակը:
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։