2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ,7 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բացվեց Իլյուզիաների առաջին թանգարանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թեև մի քանի օր է, ինչ թանգարանը բաց էր այցելուների առաջ, պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 7-ին՝ Շիրակացի 50/Ա հասցեում։
Թանգարանում ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից:
Թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը տեղեկացրեց, որ հիմնադրման գաղափարն ինքն ու ընկերն ունեցել են դեռ 3 տարի առաջ։ Հավանական վայր ընտրել են Երեւանն ու Գյումրին, բայց որոշել ընտրել զբոսաշրջությամբ ակտիվ Գյումրին։
«Սա դասական թանգարան չէ, իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք․ այստեղ երեք երեւույթները հանդիպում են։ Ցուցանմուշներից ամեն մեկը առանձին ծրագիր է։ Հուսամ, շատ շուտով սա կդառնա Գյումրու նոր այցեքարտը»,-ասաց Ամիրխանյանը՝ անկեղծանալով՝ սկզբում շատ հեշտ է թվացել թանգարան բացելը, բայց բավականին բարդ ընթացք է ունեցել:
Թանգարանի հիմնադրմանն աջակցել է ԵՄ-ի՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (EU4B ITTD)» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: