Հասարակական

Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ

3 րոպեի ընթերցում

Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ

ԳՅՈՒՄՐԻ,3 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մայր Հայաստան» կոթողի տարածքում հուլիսի 3-ին բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ: Ձեռամբ Շիրակի թեմի հոգևորականների կատարվեց պուրակում տեղադրված խաչքարի օրհնության կարգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի հիշատակ անմահ զինվորների՝ պուրակ ստեղծելու նախաձեռնությունը ամերիկաբնակ, ծնունդով ախուրյանցի Դավիթ Սաֆարյանինն է՝ Սաֆարյան ընտանիքի կողմից: Պուրակի տարածքը՝ խաչքար ու հուշակոթող, ամբողջանում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակով:

44-օրյա պատերազմին միայն Ախուրյան բնակավայրը 7 զոհ է ունեցել, ողջ համայնքը՝ 29: «Ախուրյանում այսօր այս գեղեցիկ պուրակն է բացվում. այն աշխատանքը, որ կատարվել է, անհնար է չնկատել: Սա Դավիթ Սաֆարյանի առաջին բարեգործությունը չէ. Դավիթը, չնայած երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում՝ միշտ եղել է բանակի կողքին, ներդրումներ է ունեցել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

Այգին նաև դաստիարակչական նշանակություն է ունենալու մեր երեխաների համար. մենք մեր զոհված հերոսների օրինակով պետք է մեծացնենք մեր մատաղ սերունդներին: Մեր հերոսները չեն մահացել՝ նրանք անմահացել են՝ տվել են իրենց կյանքը, որպեսզի մեր հողն ու ջուրը ու մեր խաղաղությունը պահենք»,- իր խոսքում նշեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը՝ հավելելով, որ այսուհետ պուրակը լինելու է ուխտատեղի՝ սերունդների համար:

Խաչքարի բացման պատիվը տրվեց 44-օրյա պատերազմում զոհված ախուրյանցի հերոսների ծնողներին ու բարերարին:

«Ախուրյանում եմ ծնվել ու մեծացել, մինչև 15 տարեկանս այստեղ եմ ապրել, 44-օրյա պատերազմում զոհված բոլոր ախուրյանցի տղաներն ինձ հարազատ են: Պուրակ կառուցելու գաղափարն անմիջապես պատերազմից հետո է ծնվել՝ հինգ ամիս է պահանջվել ամբողջացնելու նախատեսված աշխատանքը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Դավիթ Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ ամեն տարի է Հայաստան գալիս, կապը հայրենի երկրի հետ պահում է, իսկ այսօր Զինվորի պուրակի բացմանը ներկա էին նաև նրա զավակները։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում