Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է. Մեխակ Ապրեսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Կորոնավիրուսի համավարակով եւ 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի զբոսաշրջությունը որոշակի անկում էր գրանցել: Սակայն, ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, ոլորտը քիչ-քիչ արթնանում է:

2022թ. առաջին եռամսյակին ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը շուրջ 250 հազարի է հասել, ինչը, ըստ Ապրեսյանի, 2,9 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: «Բայց, ցավոք, դեռ պակաս է 2020թ. առաջին եռամսյակի համեմատ: Այդ տարվա առաջին եռամսյակում, ինչպես գիտեք, դեռ կորոնավիրուսը չէր սկսվել»,-նշեց նա:

Հայաստանի բոլոր անկյունները հետաքրքիր են օտարերկրյա զբոսաշրջիկներին: Մեխակ Ապրեսյանն ասում է՝ ամենադժվար հարցն է, թե ո՞ր ուղղությունն է ավելի գրավիչ նրանց համար:

Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզ եւ համայնք, պայմանավորված առանձնահատկություններով, իր գրավչությունն ունի, ինչը գիտեն իրենց հանգիստը մշտապես Հայաստանում անցկացնող օտարերկրացի զբոսաշրջիկները. «Փաթեթները ձեւավորվում են՝ պայմանավորված նրանով, թե ի՞նչ նպատակով են եկել Հայաստան, ի՞նչ ճաշակ ունեն եւ ի՞նչ սպասելիքներ»:

Ապրեսյանն արձանագրում է՝ ցավոք, դեռեւս կազմակերպված, խմբային զբոսաշրջությունը չի մտել իր կայուն վերականգնման փուլի մեջ, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հիմնական մասը անհատներ են: Եվրոպայից, Ճապոնիայից, Չինաստանից, հեռավոր արեւելյան երկրներից, ԱՄՆ-ից խմբային այցելություններ չկան. «Դեռեւս զգուշավորություն կա՝ տարածաշրջանում անկայուն վիճակով պայմանավորված»:

Ռուս-ուկրաինական հարաբերություններով պայմանավորված՝ Ապրեսյանն ասում է՝ մարտի սկզբին Ռուսաստանից բավականին մեծ թվով այցելություններ են եղել, բայց ոչ պլանավորված հանգստի համար:

«Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ մոտ 115 հազար այցելություն է գրանցվել հիմնականում Ռուսաստանից, 4-5 հազար էլ՝ Ուկրաինայից եւ Բելառուսից: Մեզ մոտ ակտիվ սեզոնը սկսվում է մարտի կեսերին. հիմնական այցելուներն իրանցիներն են, ովքեր այդ օրերին նախընտրում են մեր երկրում նշել իրենց Ամանորը»,-նշեց նա:

Հիմա արդեն Ռուսաստանից սկսել են գալ պլանավորված հանգստի համար.

«Ռուբլին էլ կարգավորվեց, իսկ մարտի սկզբին արժեզրկված էր, տոմսերը բավականին թանկացել էին եւ սովորական պլանավորված հանգստի համար բարենպաստ չէր»:

Անդրադառնալով հարցին, որ Հայաստան ժամանած ռուս եւ ուկրաինացի զբոսաշրջիկները երբեմն բողոքում են վարձակալությամբ տրվող բնակարանների գներից, Մեխակ Ապրեսյան ասաց, որ օրավարձով տրվող բնակարանների գները շատ չեն բարձրացել:

«Բնակարանները տրվում էին հիմնականում օրավարձով, իսկ, երբ օրավարձը բազմապատկում ես ամսով, տեսնում ես, որ նույն թիվն է կազմում: Մեզ մոտ օրավարձով բնակարանների գինը մինչեւ ուկրաինական ճգնաժամը եղել է օրը մինիմում 10 հազար դրամ: Օրավարձով հաշվել ու տրվել է: Քանի որ պահանջարկ կար, եղավ մի վիճակ, երբ վարձով ապրող տեղացիներին հանում էին տներից, բարձրացնում էին գները: Բայց դա կապ չուներ զբոսաշրջության հետ, պարզապես պահանջարկը մեծացել էր, մարդիկ պատրաստ էին վճարել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացման համար պահանջվող մարքետինգային քաղաքականությանը, «Արմենպրես»-ի զրուցակիցը նկատեց՝ այսօր շատ կարեւոր համակարգային միջոցառումներ կան անելու, որոնց թվում են բարեփոխումները, կադրային քաղաքականությունը:

«Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել այսօրվա մարտահրավերներին եւ զարգացումներին, այսօրվա պայմաններին համապատասխան՝ անհրաժեշտ է կատարելագործել սահմանային անցման գործընթացները»,-նշում է Մեխակ Ապրեսյանը:

Ասում է՝ լավն էր մեխանիզմը մինչեւ կորոնավիրուսը, աշխարհի 60-ից ավելի երկրների համար առանց վիզայի մուտքի ռեժիմ էր Հայաստանում:

«Մնացած երկրների համար էլ վիզան շատ պարզ էր, մարդիկ կարողանում էին առցանց, հեշտությամբ ստանալ: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ եղան, այդ մեխանիզմները սկսեցին մի փոքր սահմանափակ գործել, հիմա քննարկվում է վերականգնելու հնարավորությունը»,- զրույցը եզրափակեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Լիանա Սարգսյան

Հայերեն English Español Русский

Կոոպերացիան իրական գործիք է, որը կօգնի զարգացնել գործընկերային համագործակցությունը. Գոհար Բարսեղյան

ԵԱՏՄ դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեն հավանություն է տվել մի շարք նորմատիվ ակտերի

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը

Տրետուքում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել՝ 100 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ

Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել

Գավառ համայնքում կատարվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը