«Ֆորում 405»-ը հարթակ է, որտեղ կամփոփենք մեր երկրի կրթական անցյալը, կսահմանենք ներկան և կգծենք ապագան. Լարիսա Հովհաննիսյան
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի նպատակն է օգնել, որ Հայաստանում և Արցախում ամեն երեխա ունենա լավ կրթություն ստանալու և իր ողջ ներուժը բացահայտելու հնարավորություն:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ ՝«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյաննասաց, որ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը իր ճանապարհը մեկնարկել է շուրջ 10 տարի առաջ:
«Մեր Շարժումը մեկնարկեց 14 ուսուցիչ-առաջնորդով, ես սիրում եմ իրենց կոչել մեր կազմակերպության համահիմնադիրներ: Տարիների ընթացքում մենք մեծացանք, և արդեն 400 մասնագետ է անցել մեր ծրագրով: Ներկա պահին աշխատում ենք 150 դպրոցներում և մոտ երեսուն հազար աշակերտների հետ: Դա շատ պարտավորեցնող է, և այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների՝ հատկապես մեր դպրոցական համայնքների տնօրենների, ուսուցիչների, ծնողների, աշակերտների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ԿԳՄՍ նախարարությունների հետ մեր սերտ համագործակցության»,- ասաց Լարիսա Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ այս 10 տարում շատ բաներ են սովորել, բախվել են մի շարք խնդիրների, փորձել են գտնել դրանց լուծումները, ռեսուրսները: Հասկանալով, որ մեր համակարգը գտնվում է բավականին բարդ վիճակում, փորձել են ավելի կոնկրետ հասկանալ, թե ինչպես կառուցեն ռազմավարությունը լուրջ առաջընթացի համար:
«Այս 30 տարիներին շատ բան է փոխվել, մանավանդ համավարակից և պատերազմից հետո: Ես վստահ եմ, որ մենք այսօր հավաքվել ենք միասին՝ «Ֆորում 405»-ի շրջանակում, որովհետև ունենք հարցեր և հավատում ենք, որ կրթության համակարգը կարող է բեկումնային ձևով փոխել Հայաստանի և Արցախի ապագան: Իսկ «Ֆորում 405»-ը այն հարթակն է, որտեղ մենք միասին կամփոփենք մեր կրթական անցյալը, կսահմանենք կրթական ներկան և կգծենք մեր երկրի կրթական ապագան»,- եզրափակեց Լարիսա Հովհաննիսյանը:
«Դասավանդի՛ր Հայաստան»-ի Տաղանդների ներգրավման և զարգացման գծով տնօրեն Գոռ Նազարյանընշեց, որ միջոցառման անունը ընտրել են «Ֆորում 405», քանի որ 405 թվականին գրերի գյուտը և հետո նաև հայատառ դպրության ստեղծումը նպատակ ուներ պահպանելու հայոց լեզուն և հարստացնելու ու նոր մակարդակի հասցնելու Հայոց մշակույթն ու ինքնությունը։ Գրերի գյուտից ի վեր բացվեցին դպրոցներ նոր այբուբենով երեխաներին ուսուցանելու համար։
«Այսօր Հայաստանում և Արցախում գործում են շուրջ 1 500 դպրոցներ, սակայն հանրակրթության ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ քննարկման հարթակների ստեղծումն ու ջանքերի համատեղումը դարձել է հրամայական»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ֆորումի օրակարգում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրթության մեջ նորարարության և առաջնորդության կարևորությունը, համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, տվյալների դերակատարությունը մեր հետագա քայլերում և այլն։ Միասին փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կարելի է կրթության միջոցով զարկ տալ մեր երկրի վերածննդին։
ՖՈՐՈՒՄ 405-ին մասնակցում են պետական, մասնավոր և հասարակական սեկտորների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ՝ խնդրին տարբեր տեսանկյուններից անդրադառնալու և դիտարկելու նպատակով։