ՅՈՒՆԵՍԿՕ-ն ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում վանդալիզմի դեպքերին. ՀՀ մշտական ներկայացուցիչ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համատեղ կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ համերգ-երեկո, որին, ի թիվս հայ համայնքի ներկայացուցիչների և բազմաթիվ երաժշտասերների, ներկա էին դեսպաններ, սենատորներ, պատգամավորներ, կրոնական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ անվանի անձինք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած համերգ-երեկոյի սկզբում բացման ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Արտաքին կապերի և Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրմին Էդուարդ Մատոկոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելով՝ Հայաստանն արտահայտել է իր մշակույթի ավանդը մարդկության ժառանգության մեջ։ Սակայն, այդ անդամակցությունը մենք պետք է նաև գնահատենք կազմակերպության գործունեությանը երկրի մասնակցությամբ։ Այս տարիների ընթացքում Հայաստանը լիովին ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրագործման և այն համամարդկային արժեքների տարածման գործում, որոնց երաշխավորն է հանդիսանում։

Մենք մտահոգությամբ ենք հետևում հակամարտային տարածաշրջաններում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին, 1998-2005թթ․ ընթացքում Նախիջևանի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերին։ Նույնիսկ այսօր, հակառակ գլխավոր տնօրենի ջանքերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անզոր է և ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող ավերածություններին և վանդալիզմի այլ դեպքերին։ Այո, պետք է ամեն ինչ անել վտանգված ժառանգությունը փրկելու համար»,- իր ելույթում նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Արտաքին կապերի և Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրմին Էդուարդ Մատոկոն էլ իր հերթին արձանագրեց․

«Հայաստանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորող վստահության և համերաշխության կապերն արժեքավոր են, և անդադար ամրապնդվող համագործակցությունը դրա վկայությունն է։ Երեք տասնամյակ Հայաստանը մեր կողքին հաստատակամորեն ներգրավված է ի շահ համամարդկային արժեքների և այնպիսի համընդհանուր արժեքների պաշտպանության, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, գիտությունը, հաղորդակցությունը և տեղեկատվությունը։ Հայաստանն ակտիվ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության շրջանակի բոլոր բնագավառներում։ Այդ սերտ համագործակցությունը նաև արտահայտվում է առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին Հայաստանի անդամակցությամբ՝ մինչև 2025թ․»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է.

«Հայ ժողովուրդը, ինչպես գիտեք, սեփական պատմական փորձից ծանոթ է հոգևոր և մշակութային արժեքները կորցնելու ողբերգական երևույթին։ Ցավոք, այսօր ևս մենք առերեսվում ենք այդ արժեքների շարունակական խեղաթյուրման, յուրացման և ոչնչացման դեպքերին, որոնք նույնիսկ տեսագրվում և սոցիալական ցանցերում հրապարակվում են իրագործողների կողմից:

Լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության առաջատար միջազգային մարմին, միջազգայնորեն իրեն վերապահված մանդատի շրջանակներում ջանք չի խնայի՝ ապահովելու Արցախի հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը»:

Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան ֆրանսահայ հանրահռչակ երաժիշտներ Անդրե Մանուկյանը և Պատրիկ Ֆիորին, ինչպես նաև՝ Հայաստանից ժամանած տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներ Անի Մելիքյանը, Արթուր Գրիգորյանը և Արմեն Պուչինյանը։

Ելույթներին զուգահեռ ցուցադրվեց հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարների շարք, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում, ինչպես նաև՝ «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում ներառված մշակութային արժեքները և վայրերը։

Համերգ-երեկոն կայացավ ջերմ և անմիջական մթնոլորտում։

Հայերեն Español Русский Türkçe

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը