«Հարդ Ռոք կաֆե» Երևանը իր աշխատակիցներին կտրամադրի միջազգային շուկայի լավագույն պայմանները
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարդ Ռոք կաֆե» Երևանը իր աշխատակիցներին կտրամադրի միջազգային շուկայի լավագույն պայմանները միջազգային շուկայի լավագույն պայմանները՝ մրցակցային աշխատավարձ, առողջության ապահովագրություն, մշտապես աճելու հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուշկին 3/1 հասցեում բացվող «Հարդ Ռոք կաֆե» Երևանը իր ապագա աշխատակիցներին կրթական եւ թրեյնինգի լայն հնարավորություններ կտա:
Հունիսի 9-ին տեղի ունեցավ «Հարդ Ռոք կաֆե»-ի աշխատանքի տոնավաճառը, որտեղ ներկայացվեցին Երևանի համար պահանջվող աշխատատեղերի ցանկը, պահանջները, աշխատակիցների համար սահմանվող չափանիշները։

«Հարդ ռոք կաֆե» Երևանի տնօրեն Բոբ Խալիլը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախապատվությունը տրվելու է հայաստանցիներին, քանի որ նրանք ավելի լավ են հասկանում տեղի հաճախորդների ցանկություններն ու պահանջները:
«Հարդ ռոք կաֆե»-ն միայն ռեստորան կամ սրճարան չէ , այն մի ամբողջ փորձառություն է, միջավայր, որն իր մեջ ներառում է ամենաբարձր մակարդակի ստանդարտներ, սպասարկում»,-ասաց նա՝ հավելելով, որ «Հարդ ռոք կաֆե»-ն իր հետ կբերի նաև նոր բարձր որակ, կատարյալ սպասարկման մշակույթի ձևավորում:

«Դոմ Արենա» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանն էլ հավելեց, որ աշխատանքի համար դիմողները բավական շատ են:
«Երկու շաբաթից ավել է՝ սկսել ենք ինքնակենսագրականների հավաքագրումը: Առաջիկա օրերի ընթացքում հարցազրույցների շարք տեղի կունենա երկու էտապով, ապա՝ մասնակիցների ընտրություն: Մյուս շաբաթ մասնագետներ կժամանեն և ուսուցում կիրականացնեն : 60 լավագույնները կընտրվեն և կաշխատեն մեր ոլորտում»,-ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ երբ ԱՆԻՖ-ի հետ քննարկվում էր ծրագիրը Հայաստան բերելու մասին, նշվում էր, որ ընկերությունն իր հետ բերելու է ոչ միայն ռեստորան, այլև գիտելիքներ, փորձ, կորպորատիվ կառավարման մշակույթ, որը, ցավոք սրտի, պակասում է ոլորտում:
Հարցին՝ արդյոք պետության մասնակցությունը մտահոգի՞չ չէ՝ հաշվի առնելով, որ ցանկացած բիզնես ուզում է անկախ լինել՝ Արսեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ համագործակցությունն այնպես է կառուցված, որ բիզնեսը բավականին ազատ է որոշում կայացնելու մեջ: «Իհարկե, գոյություն ունի հաշվետվողականություն, ճիշտ կառուցված հարաբերություններ, բայց այստեղ հարաբերությունները կորպորատիվ կառավարման շրջանակում են»,-ասաց նա:
«Ֆուդ Ռեփաբլիք»-ի և Hard Rock International ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, որով նախատեսում է «»Հարդ ռոք կաֆե»-ի բացում Երևանում: ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։ ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակցության չափով:
Ծրագրի իրականացումը նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացմանը՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի և սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ «Հարդ ռոք կաֆե»-ի բացումը Երևանում նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակում։ Առաջին «Հարդ Ռոք կաֆե»-ն բացվել է Լոնդոնի կենտրոնում 1971 թվականին:
Այսօր ցանցը գործում է ավելի քան 68 երկրներում: