ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ։
Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և չդադարող սպառնալիքների առնչությամբ։ Այս առիթով Հայոց Հովվապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ Զինված ուժերը կկարողանան ոգի և կամք դրսևորել՝ կանխելու Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս պրն. Նիկոս Հարդալիասի, իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի իշխանություններին և ժողովրդին Արցախյան պատերազմի ծանր օրերին Հայաստանին ցուցաբերած եղբայրական զորակցության և աջակցության համար։
Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից։ Տիար Նիկոս Հարդալիասը, անդրադառնալով հայ-հունական ռազմական համագործակցությանը, նշել է, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ամեն ջանք ներդնելու՝ այն առավել խորացնելու համար և աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջեկեղեցական փոխհարաբերություններին։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Աթենքի ու Համայն Հունաստանի Հիերոնիմոս Երկրորդ Արքեպիսկոպոսին:
Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Աստծու Ամենախնամ Աջի պահպանության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր իրագործումներով՝ ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր ու խաղաղ կյանքի: