1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի կատարողների ամենամյա «Բոստորգայի» միջազգային մրցույթում «Գրան պրի» մրցանակին է արժանացել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Սուսաննա Պողոսյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթն անցկացվել է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մայիսի 28-ից հունիսի 1-ը:
«Բոստորգայի» 20-րդ մրցույթում հանդես են եկել մոտ 300 մասնակից 7 երկրից՝ խմբեր և անհատ կատարողներ։ Հայաստանի պատվիրակ Սուսաննա Պողոսյանն առաջին մրցութային օրը կատարել է Արամ Ավագյանի և Սրբուհի Ստամբոլցյանի հեղինակած «Հայաստան աշխարհ» երգը։ Իսկ երկրորդ օրը՝ Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը։
Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է եղել նաև քոլեջի «Երաժշտության» ամբիոնի վարիչ, երգիչ Տիգրան Հայորդին։ Հայաստանի պատվիրակությունը մի քանի օրից հայրենիք կվերադառնա պատվավոր մրցանակով։