Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 1-ին հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը պարոն Չենին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը եւ ծրագրային գերակայությունները, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունն, անդրադարձ է կատարել մակրոտնտեսական քաղաքականությանը: Նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շիխին Չենն ընդգծել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերն է եւ հավելել, որ Բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են կառուցվածքային բարեփոխումների օրակարգում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանն առնչվող հարցերի մեծ շրջանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում