ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել 1916-1923թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիշատակի արարողությունը տեղի ունեցավ Երևանի Նորագավիթ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում:
Առաջին անգամն է, որ հարգանքի տուրքի արարողությունն անցկացվում է եկեղեցում, որն ուղեկցվում է պատարագով։
«Մենք՝ որպես փոքր ազգ, նախ պետք է ապագային նայենք: Հայ, հույն և մնացած փոքր ժողովուրդները պետք է հասկանան, որ փոքր ժողովուրդների գոյատևման համար հարկավոր է մեծ դաշույն։ Փոքր ժողովուրդները պետք է դառնան ուժեղ։ Եթե մենք և մնացած բոլոր փոքր պետությունները, ովքեր խնդիր ունեն Թուրքիայի հետ, ուզում են իրենց ձայնը լսելի լինի, պետք է ստեղծեն միասնական ճակատ, պետք է լինեն միասին հանուն իրենց գոյության պահպանման»,- նշեց Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Պոլատովը։
Ներկաները, որոնց թվում էին նաև վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ավագ Հակոբյանը և Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Էդուարդ Միխայլովը, ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության նահատակների՝ մոմ վառեցին եկեղեցում։
2015թ․ մարտի 24-ին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը։