Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությունը անդրադարձել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին

3 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությունը անդրադարձել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած՝ Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը կարևորել է այն հանգամանքը, որ լրատվամիջոցների խնդիրներով մտահոգ չեխ գործընկերներն են այսօր Հայաստանում՝ նշելով, որ մեր երկրի իշխանության տարբեր թեւերի ղեկավարներից շատերը մեդիաոլորտից են: Նա հիշեցրել է նաեւ իր նախկին մեդիագործունեությունը՝ շեշտելով, որ խոսքի եւ մամուլի ազատությունը մեր երկրի առաջնահերթություններից են:

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տարիներին բավականին ակտիվ համագործակցության համար: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովային հրավիրել է Հայաստան:

Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի Ազգային ժողովում եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդում նախագահությունը` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում: Նա կարեւոր է համարել չեխական կողմի նախագահության շրջանակում Արեւելյան գործընկերության ծրագրի ակտիվացումը, քանի որ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության հետեւանքով նկատվում է դրա ապաինտեգրում:

Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ոչ միայն Եվրոպական միության, այլեւ անդամ երկրների, մասնավորապես, Չեխիայի հետ համագործակցության խորացման համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին: Հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակման արդյունքում ՀՀ ԱԺ նախագահը դրանց շուտափույթ լուծման համար խնդրել է չեխ գործընկերների աջակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում