Արարատ Միրզոյանը որպես հիմնական բանախոս մասնակցել է Atlantic Council ուղեղային կենտրոնում անցկացված քննարկմանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով ԱՄՆ֊ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ որպես հիմնական բանախոս մասնակցել է ամերիկյան հեղինակավոր Atlantic Council ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան֊քննարկմանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ աշխատանքային այցի ընդհանուր օրակարգին ու շեշտադրումներին, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերին և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների, այս գործընթացներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերի վերաբերյալ։
Ներկայացվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: