Հասարակական

Երկրում իրականացվող կրթական բարեփոխումները հայրենասիրության ամենամեծ օրինակն են․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Երկրում իրականացվող կրթական բարեփոխումները հայրենասիրության ամենամեծ օրինակն են․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրում իրականացվող կրթական բարեփոխումները հայրենասիրության ամենամեծ օրինակն են։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ, որ այն բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք կրթության ոլորտում, ինձ համար հայրենասիրության ամենամեծ օրինակն են։ Ինչու․ երբ պարզվում է, որ կրթությունը մեր երկրում հասանելի չէ երեխաների մի զգալի մասին, ես դա համարում եմ հակահայրենասիրության արդյունք, իսկ երբ ասում եմ՝ հայրենասիրություն, ես հասկանում եմ, որ Հայաստանում բոլոր երեխաները պետք է պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն ունենան։ Պետք է կարողանանք մեր երեխաներին այս հասանելիությունն ապահովել և նրանց համոզել, ապացուցել, որ կրթությունը հայրենասիրության ամենամեծ արտահայտումն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը՝ ընգծելով, որ հայրենասիրությունը պետք է կապված լինի ոչ միայն բազկի, այլև մտքի, հոգևոր կյանքի, արժեքների, մշակույթի, գիտության հետ։

Վարչապետի բնութագրմամբ՝ դժվար է ընկալելը, որ, մի կողմից, կարելի է խոսել հայրենասիրության մասին, մյուս կողմից՝ խուսափել հարկերը վճարելուց։ «Ես այս երկու հասկացությունների համատեղումը դժվարանում եմ իրականացնել․ հարկերից խուսափողը որքանո՞վ կարող է հյարենասեր համարվել»,-նկատել է նա։

Փաշինյանը, պատասխանելով Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հարցերին, նշել է, որ քաղաքացիական հասարակությունը ժոսղովրդավարության առանցքային ինստիտուտներից է, իսկ անվտանգության ապահովման համար չի կարող միայն մեկ մեխանիզմ գոյություն ունենալ։ «Մենք մեծ շեշտ ենք կատարել բանակի վրա և ճիշտ ենք արել, սակայն միայն բանակով անվտանգություն ապահովել հնարավոր չէ։ Անվտանգության ապահովման ամենամեծ երաշխիքը, որը երբևէ գոյություն է ունեցել, խաղաղությունն է, որը ցավոք սրտի, միշտ չէ, որ հնարավոր է եղել ապահովել»,-նշել է ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում