Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Երևանում տեղի ունեցավ Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսրայելում այսօր՝ տեղական ժամանակով 10:00-ին, երկու րոպե շարունակ հնչել են շչակները, կանգ է առել տրանսպորտը ամբողջ երկրում, հայտարարվել է լռության րոպե ի նշան հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր՝ ապրիլի 28-ին, Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Երևանում՝ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարակից այգում տեղադրված հուշարձանի մոտ: Արարողությունը կազմակերպել էին Հայաստանում ապրող հրեաները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի գլխավորությամբ:
«Սա Հոլոքոստի զոհերի, ֆաշիզմի զոհերի ոգեկոչման եւ իհարկե, այն հրեաների հիշատակի օրն է, որոնք, այդուհանդերձ, դիմադրում էին, որոնք ուզում էին ցույց տալ, որ իրենց ուժը հնարավոր չէ կործանել: Այսօր այն ծանր օրն է, երբ ժպտալու ցանկություն չես ունենում, թեև կյանքը, փառք Աստծո, շարունակվում է: Հայ ժողովուրդը ևս նույնպիսի ծանր օրեր է վերապրել, եւ ես միշտ ասում եմ՝ ընդհանրապես պետք չէ հաշվել՝ ով է ավելի շատ զոհեր ունեցել, ով՝ ավելի քիչ: Զոհեր բոլո՛րն են ունեցել», - իր ելույթում նշեց հրեական համայնքի ղեկավարը:
Ռիմա Վարժապետյանը դիմում է Աստծուն՝ խնդրելով, որ այլևս նման ոճրագործություններ որևէ ժողովրդի հետ չլինեն, թեև միաժամանակ ենթադրում է, որ Աստված հավանաբար «երբեմն հանգստանում է», երբ կրկին վատ բաներ են լինում:
Հոլոքոստի զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, որը Հանրապետության վարչապետի եւ իր ղեկավարած բաժնի անունից Հայաստանի աջակցությունը եւ ցավակցությունը հայտնեց հրեական համայնքին Հոլոքոստի տարելիցի կապակցությամբ:
«Մենք միանում ենք ձեզ, ցավակցում ենք ձեզ եւ միասին կիսում այն ապրումը, որ հիմա դուք ունեք, որովհետև մենք էլ բաժին ենք ունեցել ցեղասպանության եւ դա վերապրել ենք մոտ 100 տարի առաջ: Հետևաբար` մենք էլ ձեզ լավ հասկանում ենք ու գիտենք, թե ինչ է նշանակում անմեղ մարդկանց ջարդ, կոտորած ու բնաջնջում: Եվ այս պարագայում ոչ մի արդարացում եւ հիմնավորում չի կարող լինել, որովհետև մարդուն սպանել միայն նրա համար՝ լինի երեխա, կին, տղամարդ, ծեր, որ տվյալ ազգին է պատկանում կամ որոշակի կրոնի հետևորդ է, անբացատրելի եւ արդարացում չունեցող երևույթ է», - իր խոսքում շեշտեց վարչապետի աշխատակազմի պաշտոնյան:
Իր խոսքն ասաց նաև հրեական համայնքի հոգևոր առաջնորդը՝ րաբբին: Նաև աղոթք կարդաց եբրայերենով: Իրենց մայրենի լեզվով բանաստեղծություններ կարդացին նաև հրեական համայնքի այլ ներկայացուցիչներ՝ կրկին նվիրված Հոլոքոստի թեմային:
Բայց թերևս ավելի նշանավոր էր այն ուղերձը, որն իր հետ բերել էր Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը իր ժողովրդի մեծագույն ողբերգության տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսելով Հոլոքոստի միլիոնավոր զոհերի հիշատակը Հայաստանում ոգեկոչելու արդիականության եւ կարևորության մասին՝ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը հայտարարեց, որ իր ուղերձը առաջին հերթին հասցեագրված է Իսրայելին: Այն է՝ չի կարելի լռել ոչ միայն հրեական Հոլոքոստի, այլև Հայոց ցեղասպանության մասին:
«Ինչպես մենք չենք լռում Հոլոքոստի մասին՝ նույն կերպ մենք չպետք է լռենք Հայոց ցեղասպանության մասին: Դրա համար պետք է ուսումնասիրել այն, պետք է խորանալ պատմության մեջ եւ պետք է ճանաչել: Իսրայելը պե՛տք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դա պետք է անի ոչ միայն հանուն հայերի, այլև հանուն իրեն, հանուն նրա, որ արդար եւ բարեպաշտ լինի Աստծու առաջ», - շեշտեց Վարժապետյանը:
Հրեական համայնքի ղեկավարի կարծիքով՝ իսրայելական խորհրդարանը մինչ օրս խուսափում է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց Իսրայելի անվտանգության պատճառով, քանի որ ապրում է թշնամական միջավայրում եւ այդ պայմաններում կարևորում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները:
Հոլոքոստը Եվրոպայում ապրող մոտ 6 միլիոն հրեաների ցեղասպանությունն է՝ զանգվածային և սիստեմատիկ բնաջնջումը էթնիկ պատկանելիության հիմքի վրա նացիստական Գերմանիայի իշխանությունների եւ իր դաշնակիցների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ փուլում՝ 1941-1945 թթ.: Թեև հրեաների հետապնդումները Գերմանիայում սկսվել էին դեռևս 1933 թ. Ադոլֆ Հիտլերի գլխավորած նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության իշխանության գալուց հետո: Համաշխարհային պատերազմից անմիջապես հետո հաղթող տերությունները նախաձեռնեցին Նյուրնբերգյան դատավարությունը, որը հրեաների ցեղասպանությունը սահմանեց որպես մարդկության դեմ հանցագործություն՝ առավելագույն պատժի՝ մահվան դատապարտելով նացիստական ռեժիմի այն առաջնորդներին եւ առանցքային գործիչներին, որոնց չէր հաջողվել ինքնասպանության կամ այլ միջոցներով խուսափել արդարադատությունից: Այդպես միջազգային իրավական պրակտիկայում ստեղծվեց կարևորագույն նախադեպ, որը հիմք է տալիս առաջադեմ մարդկությանը պայքարելու նոր ցեղասպանությունների կանխարգելման համար:
«Հոլոքոստ» բառը հունարենից փոխառված տերմին է, որը բառացիորեն թարգմանած նշանակում է «ողջակիզում»: Ի դեպ, ըստ բաց աղբյուրների՝ առաջին անգամ «Հոլոքոստ» բառը գործածվել է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» թերթում դեռևս 1895 թվականին՝ Օսմանյան բռնապետության իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային կոտորածները բնութագրելու համար: Կա նաև մեկ այլ հիշարժան փաստ, որն իրար է կապում հայերի և հրեաների ցեղասպանությունները: Հայտնի է, որ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» կամ «գենոցիդ» տերմինը ստեղծել է՝ հիմնվելով առաջին հերթին հայերի կոտորածների փաստերի ուսումնասիրության վրա:
Արամ Սարգսյան