Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից՝ ստուգելով իր «կարմիր գծերը» ԼՂ-ում. Ալեքսանդր Իսկանդարյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի խիստ զբաղվածությունից՝ Արցախում ձեռնարկվող ռազմատենչ և ծավալապաշտական գործողություններով ստուգելով իր «կարմիր գծերը» Լեռնային Ղարաբաղի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հոդված 3» ակումբի կազմակերպած հեռավար քննարկման ընթացքում այդպիսի կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին:

Քաղաքագետը լուրջ չի համարում այն տեսակետը, որ Ադրբեջանը կարող է «երկրորդ ճակատը» բացել Ռուսաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում, բայց, այդուհանդերձ, կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը կապված է ուկրաինական իրադարձությունների հետ:

«Նմանատիպ բաները առաջին անգամ չեն տեղի ունենում: Այն, ինչ տեղի է ունենում վերջին ժամանակներում, իմ կարծիքով՝ կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Իսկապես Ռուսաստանը հիմա, մեղմ ասած, ժամանակ չունի Հարավային Կովկասով զբաղվելու համար, և այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի շուրջ, իր ձգտումների ու մտահոգությունների կենտրոնը չէ: Իհարկե, երկրորդ ճակատի մասին խոսելն այնքան էլ լուրջ չէ. ուղղակի մասշտաբներն են անհամեմատելի: Բայց, ամեն դեպքում, Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից, որպեսզի ստուգի «կարմիր գծերը», փորձում է ճնշում գործադրել և տեսնել՝ որտեղ է ստացվում և որտեղ՝ ոչ: Ստուգել, իհա՛րկե, Ռուսաստանի արձագանքը, ոչ թե Արցախի կամ Հայաստանի Հանրապետության», - մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը Արցախի դեմ կիրառում է այսպես կոչված՝ «սալյամիի մարտավարությունը», այսինքն՝ փորձում է կտորներով պոկել Արցախի հայկական հողերը, մյուս կողմից էլ՝ հասկանալ, թե որտեղ են իր «սահմանները»:

«Նկատի ունեմ ոչ թե աշխարհագրական սահմանները, այլ սահմանները այն բանի, թե ինչ կարելի է անել և ինչ՝ ոչ: Այլ խոսքերով՝ ռուս խաղաղապահների վրա հարձակվելը առայժմ թերևս «վտանգավոր է առողջության համար», բայց նույնը կարող են փորձել անել արցախցիների դեմ և տեսնել, թե ինչ կլինի: Ռուսաստանի արձագանքը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով ստեղծված հանգամանքները: Ռուսաստանը աշխատում է դիվանագիտական գործիքակազմով, համոզված եմ, որ ընթանում է բավական հագեցած բանակցային գործընթաց, հեռախոսազանգեր են հնչում այս կամ այն կողմից: Բայց դա, ցավոք սրտի, բավարար չէ: Ուստի տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի, բայց վախենամ, թե սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, և Ադրբեջանը շարունակելու է իր «սալյամիի մարտավարությունը», քանի որ այն ոչ թե պատահականություն է, այլ մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետևանք», - հավելեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:

«Հոդված 3» ակումբը առցանց քննարկում էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի վերաբերյալ՝ «ԷՍԿԱԼԱՑԻԱ ԱՐՑԱԽՈՒՄ . ԳԱԶԱՅԻՆ ՏԵՌՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈԿԱԼ ՄԱՐՏԵՐ» խորագրով:

Շաբաթներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն սրում է ռազմական, բարոյահոգեբանական և հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շրջանում: Լարվածությունը կտրուկ աճեց, երբ մարտի 24-ին ադրբեջանական զորքերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժեցին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Կիրակի օրը՝ մարտի 27-ին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Ասկերանի Փառուխ գյուղի շրջանից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, թե «Փառուխ գյուղում և հարակից բարձունքներում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերում որևէ փոփոխություն չի եղել»:

Իր հերթին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Նշվում է, որ շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում