Նախարարը չբացառեց պարտք-ՀՆԱ հարաբերակցության նախատեսված ցուցանիշի գերազանցումը տարվա ավարտին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի կրճատում չի իրականացվելու, կապիտալ ծախսերն ամբողջ ծավալով իրականացվելու են, իսկ եթե հարկային եկամուտները նախատեսվածից պակաս լինեն, ապա դա կփոխհատուցվի՝ ըստ անհրաժեշտության պետական պարտք ներգրավելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թ կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Մենք անհրաժեշտություն ենք ունենալու նաև առաջիկա տարիներին ներգրավել փոխառու միջոցներ, որովհետև դրանք այն շատ դեպքերում արտոնյալ զարգացման ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցներն են, որոնք պետք է հնարավորություն տան ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, տնտեսության կարևոր ճյուղերում՝ այդպիսով բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը: Համապատասխանաբար թե հիմա, թե առաջիկայում մենք պետք է մտածենք դա իրականացնելու այն եղանակների մասին, որոնք մակրոտնտեսական տեսանկյունից անվտանգ են և կառավարելի»,-ասաց նախարարը:

Ծանր 2020 թվականն ամփոփվել էր ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պարտքի ցուցանիշով: Սակայն նախարարը հիշեցրեց կառավարության կողմից ԱԺ-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի հետ ներկայացված պարտքի միջնաժամկետ կառավարման ռազմավարության հետ միասին հայտարարվել էր կառավարության մտադրությունը՝ գալիք 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշն էապես բարելավելու համար: «Եվ 2021-ն առաջինն էր այդ տարիներից, երբ պետք էր փաստացի արձանագրել համապատասխանությունը հայտարարված նպատակներին և ռազմավարությանը, ինչը, մենք կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցավ: Մենք տարին ամփոփեցինք ՀՆԱ-ի նկատմամբ 60.3 տոկոս պարտք ցուցանիշով»,-ասաց նախարարը՝ դա զգալի բարելավում համարելով:

Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրլն 210 մլրդ դրամ ( 8 մլրդ 768 մլն դոլար), 6 մլրդ 191 մլն դոլարի չափով՝ արտաքին պարտք, 2 մլրդ 577 մլն դոլարի չափով՝ ներքին պարտք: Զգալիորեն բարելավվել է ներքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի մեջ՝ մոտենալով 29 տոկոսի:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե տարվա վերջում պարտք-ՀՆԱ հարաբերակցության ի՞նչ ցուցանիշ է լինելու: Նախարարը պատասխանեց, որ վաղ է դեռ գնահատականներ տալ: Ըստ նրա՝ մակրոտնտեսական անորոշությունները միջավայրային առումով կարող են ունենալ բացասական ազդեցություն՝ նախապես կանխատեսած տնտեսական ակտիվության և աճի ցուցանիշների վրա, ինչն էլ ուղիղ ազդեցություն ունի հարկային եկամուտների վրա:

«Եթե այդ իրավիճակն ունենա երկարատև ազդեցություն, ապա հնարավոր է, որ տարին ավարտենք նախատեսվածից ավելի ցածր հարկային եկամուտների կատարողականով: Եվ մեր որոշումն այն է, որ ընթացքից հետևելով իրավիճակին, կներգրավենք այնքան անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք պետք են 2022-ի պետբյուջեով հաստատված ծախսերն ամբողջ ծավալով կատարելու համար: Եվ մենք չենք գնա այն ճանապարհով, որ հարկային եկամուտների հնարավոր նվազման դեպքում ծախսեր կրճատենք: Կարծում ենք, որ կատարողականի առումով կգտնվենք բավականին լավ ցուցանիշների տիրույթում, կձգտենք կատարել կապիտալ ծախսերը՝ պարտքի որոշակի ավելացմամբ, քանի որ փոխառու միջոցները, որոնք կփոխհատուցեն հարկերին, լինելու են հատկապես և հիմնական վարկային լրացուցիչ միջոցներ: Հնարավոր է, որ տարվա ավարտին ունենանք պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ որոշակիորեն գերազանցող ցուցանիշ, նախատեսել էինք 60.2 տոկոս, կլինի դրանից մի քիչ բարձր»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ այս որոշմանը գնացել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկար աշխատանքային քննարկումների և համատեղ եզրակացության արդյունքում: «Սկզբունքը լինելու է այն, որ, անվտանգ եղանակով ներգրավելով փոխառու միջոցներ, ֆինանսավորելու ենք նախատեսված ծախսերն ամբողջ ծավալով»,-եզրափակեց նախարարը:

Հայերեն English

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա