Երկխոսություն հանդիսատեսի հետ. երկրները նշում են Թատրոնի համաշխարհային օրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թատրոնը, որի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին, միավորում է տարբեր ազգերի, մասնագիտությունների, տարբեր կրոնի ու գաղափարախոսություն կրող մարդկանց, և այն միշտ կմնա արվեստի ամենաբարձր ճյուղերից մեկը, քանի որ միտված է գեղեցիկին, բարուն:

Թատերական ոլորտի ներկայացուցիչները հավաստիացնում են՝ թատրոնը միշտ պահանջված ու սպասված կլինի, իսկ իրենց համար յուրաքանչյուր օրն է թատերական տոն, քանի որ թատրոնն իրենց կյանքն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանն ասում է՝ թատրոնը պետք է կենտրոնանա մարդու, նրա հոգու վրա, որովհետև որքան էլ գիտությունը զարգանա, ժամանակները փոխվեն, միևնույն է, մարդու հոգին նույնն է: «Բոլորս նույն կերպ ցավից արտասվում ենք, ոռնում ենք, ծիծաղում: Մարդկային հոգու այբուբենը նույնն է մնում, և ինչքան շատ ես բացահայտում հոգին, որը տիեզերական խորություն ունի, այնքան առավել հետաքրքիր է դառնում թատրոնը: Այն միշտ արդիական է մնալու: 20-րդ դարում, երբ առաջ եկավ կինոն, ասացին, թե թատրոնն այլևս չի ապրի, այնինչ ապրեց»,- շեշտում է Գրիգորյանն ու ընդգծում, որ մեր օրերում թատրոնի հանդեպ մեծ հետաքրքրություն կա. ուսանողների համար երբեմն նստելու տեղ չի լինում, հանդիսատեսը խնդրում է կանգնած դիտել ներկայացումները:

«Այսօր մարդը մարդուն կարոտում է, ցանկանում է նրան տեսնել, ուստի մենք պետք է գիտական ուսումնասիրություններն ուղղենք մարդու հոգուն ու չկորցնենք այն»,-ասում է Նարինե Գրիգորյանը:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ հիշեցնում է, որ Թատրոնի միջազգային օրը միտված է ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելուն, իրար հասկանալուն, որովհետև թատերական լեզուն հենց այն կարևորագույն լեզուն է, որով մարդիկ կարողանում են իրար ընկալել, հարգել, այլ մշակույթն ըմբռնել, փորձել դառնալ ավելի հանդուրժող, ավելի խորը: «Դու թատրոնում հետևում ես այլ կյանքի, որին արձագանքում ես դահլիճից: Ես կարծում եմ՝ հենց այսօր, հենց այս դժվարին ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը փոթորկված է, թատրոնի դերն իրականում շատ մեծ է: Պարզապես պետք է թատրոնի հանդեպ համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Շատ ուրախ եմ, որ հայկական թատրոնը շատ լավ վիճակում է. օրերս Պարոնյանի անվան թատրոնում դիտեցինք «Կոշկավոր կատուն» մյուզիքլը: Շատ տարբեր են մեր ներկայացումները, շատ հետաքրքիր են մեր ռեժիսորները, դերասանները»,-ասում է Բաբայանը:

Ռուբեն Բաբայանի համար թատրոնը երկխոսություն է հանդիսատեսի հետ, երկխոսություն՝ հավասարը հավասարի հետ մեծագույն հարգանքով, որովհետև ներկայացումը չի ստեղծվում միայն ստեղծագործական կազմի կողմից: Ըստ Բաբայանի՝ ներկայացման ամենակարևոր մասնակիցը, ընդ որում ստեղծագործական առումով, նաև հանդիսատեսն է: «Երբ հաջողվում է ներկայացումը, և հանդիսատեսն արձագանքում է իր հուզմունքով, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ կայացավ այն ամենակարևորը, ինչին կոչված է թատրոնը՝ երկխոսությունը»,- եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

«Այնքան եմ զբաղվում թատրոնով, այնքան հաճախ եմ լինում թատրոնում, այնքան շատ է թատրոնն իմ կյանքում, որ ես չգիտեմ՝ ես եմ թատրոնը, թե իմ կյանքն է այն: Հստակ կարող եմ ասել, որ առանց թատրոնի շնչել ու արտաշնչել չեմ կարող»,- նշում է թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը:

Էլբակյանն ընդգծում է, որ օրն սկսվում ու ավարտվում է թատրոնով, և ամեն օրը վերածվում է թատրոնի տոնի: «Կարծում եմ՝ թատերական ոլորտի բոլոր ներկայացուցիչների դեպքում է այդպես: Թատրոնն ինքնին տոն է, որովհետև, երբ բարձրանում ես բեմ, մոռանում ես բոլոր հոգսերդ, մոռանում ես ամեն բան, սկսում ես մտածել ավելի բարձր բաների մասին, սկսում ես ապրել այլ մարդու կյանքով: Եթե հերոսի կյանքը տխուր է, տխրում ես, եթե ուրախ է, ուրախանում ես, և դա դառնում է լիարժեք տոն»,- հավաստիացնում է Էլբակյանը:

Թատրոնի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1961 թվականին Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝ այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար . ֆոն դեր Լեյեն

Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր

Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը

ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 47-ի

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱԷՄԳ մուտքը միջուկային օբյեկտներ կախված է ԱՄՆ-ի հետ բանակցություններից