Տնտեսություն

Քննարկվում է հնարավորությունը, որպեսզի Հայաստանի արտահանողները կարողանան ռուս գործընկերներին ապրանք վաճառել դրամով

2 րոպեի ընթերցում

Քննարկվում է հնարավորությունը, որպեսզի Հայաստանի արտահանողները կարողանան ռուս գործընկերներին ապրանք վաճառել դրամով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահանողները ռիսկեր են տեսնում ռուբլիով արտահանում իրականացնելու համար. Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատում են այս հարցով, արդյունքում կարող է հնարավորություն ստեղծվի, որ Հայաստանից արտահանողները ռուս գործընկերներին ապրանքը վաճառեն հայկական դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում:

Նախարարը նախ նշեց, որ ռուս-ուկրաինական հայտնի իրադարձությունների հաջորդ օրվանից իրենք լուրջ աշխատանք են կատարում Հայաստանի արտահանողների հետ, որպեսզի հասկանան, գույքագրեն նրանց խնդիրները: Որոշ խնդիրներ արդեն լուծվել են, բայց մեծ խնդիրները կառավարության որոշումների նախագծերի տեսքով շրջանառվում են:

«Բազմաթիվ արտահանողներ ժամանակավոր դրամային հոսքերի խզում ունեն: Այն պայմանագրերը, որոնք ԱՄՆ դոլարով էին, վճարման հետ կապված դժվարություններ կան, այն պայմանագրերի դեպքում, որոնք ռուբլիով էին, դեբիտորական պարտքի էական արժեզրկման կապակցությամբ արտահանողներն ընկել են դժվար դրության մեջ: Եվ մենք կառավարության որոշման նախագծով փորձելու ենք «թթվածին» տալ արտահանող ընկերություններին, որպեսզի իրենք իրենց կանխիկ հոսքերի ժամանակավոր խզումը կարողանան լուծել»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով արտարժույթին՝ նախարարը նշեց, որ այսօր արտահանողների մեծ մասը մեծ ռիսկ է տեսնում ռուսական ռուբլիով արտահանումներ իրականացնելու մեջ:

«Եվ այսօր մենք, ՀՀ ԿԲ-ն, ՌԴ ԿԲ-ն և գործընկեր նախարարությունները իրար հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք ռուբլի-դրամ սվոփ կնքել, որի արդյունքում Հայաստանի արտահանողները կկարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքը ռուս գործընկերների մոտ և ապրանքը վաճառել դրամով, որը մեզ համար շատ ավելի հասկանալի արժույթ է՝ մեր երկրի արժույթն է: Եվ դրանով կկարողանանք նվազեցնել ռիսկերը»,-ասաց Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում