Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում

3 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԺ-ից, վեհաժողովի օրակարգիհիմնական ուղղվածությունը կլիմայական փոփոխությունների դեմ համախմբված պայքարն է, ինչը նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համակարգված աշխատանք է պահանջում:

Ալեն Սիմոնյանը ելույթը սկսել է Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փուան Մահարանիին ուղղված շնորհակալական խոսքով:

Ելույթում ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային գործընթացներում կլիմայի փոփոխության կողմնակի ազդեցությանը: Նա գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ակտիվ միջոցներ է ձեռնարկում կլիմայափոխության եւ մարդածին աղետների դեմ ուղղված միջազգային հանրության ջանքերին նպաստելու ուղղությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն ընդունել է Կլիմայափոխության գործողությունների ազգային հարմարվողականության ծրագիր, ինչը խորացնում է համագործակցությունը ոլորտային նախաձեռնությունների միջեւ: Ներկայացնելով կլիմայական խնդիրների հայաստանյան առանձնահատկությունները՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային մի շարք համաձայնագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030թթ. համար նախատեսված ներդրումների ծրագիրը, ինչը նպաստելու է արտանետումների մակարդակի նվազեցմանը եւ կանաչ գոտիների աճին:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում վերականգնվող էներգիայի ավելացման քաղաքականությունը՝ հավելելով, որ իրականացվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ:

Հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական մարտահրավերները եւ դրանց անշրջելի ազդեցությունը կլիմայի վրա՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է տվյալ հարցում մեր պետության համագործակցային պատրաստակամությունն անդամ բոլոր պետությունների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների հետ:

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ խորհրդարանները պատասխանատու են կոնվենցիաների եւ համաձայնագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության բարեփոխումների հարցերում, եւ ՀՀ Ազգային ժողովը պատշաճ վերահսկում է այս գործընթացները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում