Քաղաքականություն

ԵԱՀԿ նախագահությունից մեկնաբանել են Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման լուրերը

10 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ նախագահությունից մեկնաբանել են Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման լուրերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին , ինչպես նաև ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ:

«ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատմական և մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը համարում է մեր համատեղ պարտավորությունը», - «Արմենպրես»-ին հաղորդել են ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակից՝ հիշեցնելով, որ դեռևս 1991 թ. հունիսին՝ մշակութային ժառանգությանը նվիրված Կրակովի միջազգային գիտաժողովին (սիմպոզիումին), այն ժամանակ ԵԱՀԽ մասնակից պետությունները խոստացել էին «համապատասխան միջազգային համաձայնագրերին համահունչ ջանքեր գործադրել մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար», ինչպես նաև պարտավորվել էին սերտորեն համագործակցել կրոնական դավանանքների, հաստատությունների և կազմակերպությունների հետ՝ «մշակութային ժառանգության պահպանման առնչությամբ և պատշաճ ուշադրություն դարձնել կրոնական ծագում ունեցող հուշարձաններին և օբյեկտներին»:

Այս համատեքստում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է կազմակերպության համապատասխան բոլոր կառույցներին, այդ թվում Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում:

«Հայկական պատմամշակութային կոթողների պահպանությունը ընդգրկված է եղել [ԵԱՀԿ] Մշտական խորհրդի օրակարգում: Այս լույսի ներքո ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ բոլոր համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և իր համանախագահներին, համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում: Դա էապես կբարելավի ողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը և կապահովի պատմական և մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը», - նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության պատասխան նամակում:

Լեհական նախագահությունից զերծ են մնացել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի որոշումը մեկնաբանելուց:

Կրակովի սիմպոզիումի փաստաթղթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով:

2022 թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն է:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել էր Ադրբեջանի՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները դատապարտող բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը» վերնագրով: Բանաձևին կողմ էր քվեարկել ԵԽ 635 անդամ, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 42-ը:

Պատգամավորներ Պետեր վան Դալենի, էվին Ինջիրի և մյուսների հեղինակած բանաձևով Եվրախորհրդարանը «խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական մշակութային ժառանգությունը վերացնելու և ժխտելու քաղաքականությունը, որը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը»:

Նկատի ունենալով, որ ցանկացած հուշարձանի կամ կրոնական ու ազգային ժառանգության որևէ այլ օբյեկտի ոչնչացումը կամ պղծումը խախտում է Եվրոպական միության սկզբունքները՝ բանաձևն արձանագրում է, որ Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմից և 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադարից հետո 1456 միավոր՝ հիմնականում հայկական հուշարձաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ընդ որում՝ 2020 թ. պատերազմի ժամանակ հայկական մշակութային ժառանգությանը զգալի վնաս է հասցվել Ադրբեջանի կողմից, մասնավորապես ռմբակոծվել է Շուշիի Ղազանչի եկեղեցին, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչպես նաև հակամարտության ընթացքում ավերման, կարգավիճակի փոփոխության են ենթարկվել այլ եկեղեցիներ և գերեզմանատներ, ինչպիսիք են Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Եղիշեն՝ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում, իսկ Հադրութի Ծակուռի գյուղի 12-րդ դարի հայկական եկեղեցի այցելության ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևը խոստացել է հեռացնել դրա հայերեն գրությունները:

Եվրոպական խորհրդարանը նաև ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը և կոչ է անում կազմակերպությանը անհապաղ կյանքի կոչել այդ առաքելությունը, նաև ընդգծում է, որ Ադրբեջանը պետք է անարգել մուտք տրամադրի դեպի հայկական մշակութային ժառանգության բոլոր օբյեկտները, որպեսզի առաքելությունը տեղում գույքագրի և պարզի, թե ինչ վիճակում են դրանք:

Բանաձևի քվեարկման օրը Եվրախորհրդարանի տասնյակ պատգամավորներ իրենց ելույթներում միաձայն դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ՝ կոչ անելով ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այլև Եվրամիությանը և միջազգային այլ հեղինակավոր կառույցների քայլեր ձեռնարկել հայկական եկեղեցիներն ու այլ սրբավայրերը պաշտպանելու նպատակով, իսկ Ադրբեջանի իշխանություններին կոչ արեցին հավատարիմ մնալ իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին և զերծ մնալ հայկական ժառանգության նկատմամբ հետագա ոտնձգություններից: ԵԽ պատգամավորներից շատերը Ադրբեջանի քաղաքականությունը անվանեցին մշակութային ցեղասպանություն՝ սիրիական Պալմիրայում՝ իսլամիստների, Կիպրոսում՝ Թուրքիայի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությունների և վանդալիզմի այլ հանրահայտ դեպքերի համանմանությամբ:

Ավելի վաղ՝ փետրվարի 15-ին, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ում հույս ունեն, որ փաստահավաք առաքելությունը այդ խնդրի կապակցությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել մոտ ժամանակներում, սակայն տվյալ պահին, ըստ մամուլի գրասենյակի տրամադրած մեկնաբանության, դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան, ուստի քննարկումները դեռ շարունակվում են:

Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, թե Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտեց հատուկ հանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը՝ շեշտելով, որ դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ադրբեջանի քաղաքականությունը որակեց որպես մշակութային ցեղասպանություն:

2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նույնպես խստորեն դատապարտեց Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը՝ նշելով, որ դա ոչ միայն բացահայտ մարտահրավեր է Հաագայի դատարանի որոշմանը, այլև հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար: Ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանը առաջնահերթ և հրատապ խնդիր է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի կողմից առաջարկված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ:

Արամ Սարգսյան

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում