Պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են. Ալեն Սիմոնյանն ընդունել է մի խումբ մանկավարժների
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Կանանց միամսյակի շրջանակում մարտի 10-ին ընդունել է հանրապետության մի շարք դպրոցների և նախակրթարանների մանկավարժներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Շնորհավորելով տոնը՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին սերունդների կրթության և հայրենասիրության գործում անմնացորդ աշխատանքի համար։
Ուսուցիչները նշել են, որ բազմաբովանդակ տեղեկատվության առատությունն այսօր գիտելիքի մրցակիցն է, սակայն իրենց պարտքն է հասկանալ նոր սերնդին և դպրոցից կյանք ճանապարհել կիրթ, պատասխանատու և ժամանակակից քաղաքացիներ։
Ընդունելությանը մանկավարժները մի շարք մասնագիտական և համակարգային հարցեր են բարձրաձայնել, որոնց շուրջ Ալեն Սիմոնյանի հանձնարարությամբ հետագայում համապատասխան մասնագիտական քննարկումներ կարվեն։