Փաշինյանը խոստացավ ջանք չխնայել հայ-ֆրանսիական ծրագրերի արդյունավետ իրականացման համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիահույս է, որ «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումները, մասնագետների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Նա կարծիք հայտնեց Փարիզում կազմակերպված համաժողովի եզրափակիչ ելույթում:

Նա ընդգծեց, որ մեծ պատիվ է Փարիզում եզրափակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովը:

Վարչապետն անդրադարձավ տարբեր, մասնավորապես կրթական, առողջապահական ոլորտներում հայ-ֆրանսիական հաջող համագործակցությանը:

«Շնորհակալ ենք Ֆրանսիային Հայաստանի հաջողությունները կիսելու համար: Նորարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ և Հայաստանի համար ոգևորիչ էր Փարիզում և վերջերս Լիոնում բացված ԹՈՒՄՈ կենտրոնները: Առողջապահության ոլորտում արդեն առկա Փարիզի և Լիոնի հիվանդանոցների ցանցի, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և հայկական բժշկական հաստատությունների միջև շատ ակտիվ համագործակցությամբ հանդերձ նախանշվում են նոր ծրագրեր: Այս ոլորտում համագործակցությունը լավագույնս դրսևորվեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ու դրանից հետո, երբ մի քանի տասնյակ բժիշկներ այցելեցին Հայաստան՝ հայ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:

Միջազգային կառույցների շրջանակում համագործակցության առումով չէի կարող չնշել 2018 թվականին Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը Հայաստանի անկախությունից ի վեր միջազգային մասշտաբով անցկացվող առաջին ամենամեծ միջոցառումն էր մեր երկրում»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ներկայում առկա գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանն այսօր կենսական կարիք ունի ամրապնդելու իր տնտեսությունը, նոր շունչ հաղորդելու տնտեսական քաղաքականությանը՝ այդ թվում ներգրավելով նոր ներդրումային ծրագրեր:

«Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում ունենալով ֆրանսիական կապիտալով ներկայացվածության հաջող օրինակներ, 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 5-ամյա ճանապարհային քարտեզը լայն հնարավորություն է ընձեռում և հանդիսանում կարևոր հիմք՝ ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը:

«Այսօրվա համաժողովը և դրա հարուստ ու տպավորիչ ծրագիրը վերջին ամիսներին իրականացված հետևողական քայլերի տրամաբանական շարունակությունն է և ստորագրված ճանապարհային քարտեզի կյանքի կոչմանն ուղղված առաջին քայլերից մեկը: Ուստի թույլ տվեք կարծիք հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները հայ և ֆրանսիացի գործընկերների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանն ու նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ թեպետ այս տարի նշում ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն դա միայն մի կտորն է հայ-ֆրանսիական շփումների և հարաբերությունների հարուստ խճանկարի. սկսած միջնադարից հայ-ֆրանսիական շփումները եղել են բազմաշերտ:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունների մերօրյա կենդանի խորհրդանիշը Ֆրանսիայում 700 հազարանոց հայկական աշխույժ համայնքի առկայությունն է, որը մեր արդյունավետ համագործակցության կարևոր շարժիչ ուժերից է և մեր ժողովուրդների միջև անխոչընդոտ համագործակցության և հարատև եղբայրության առհավատչյան»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին