Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ
1 րոպեի ընթերցում
![Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1076912.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11 հազար 775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69 տոկոսով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1 տոկոս, նախորդ 37.9 տոկոսի փոխարեն:
Սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել: