Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30 ամյակը և կարևորել են կազմակերպության հետագա զարգացումը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է ՍԾՏՀԿ-ի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այն կնպաստի ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային տնտեսական ներառական համագործակցության միջոցով երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Գլխավոր քարտուղար Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը և ներդրումը ՍԾՏՀԿ զարգացման գործում:

Կողմերը շեշտել են կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համակարգված գործողությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված փոխշահավետ տնտեսական համագործակցության, նորարարական և կայուն զարգացման, բարձր մրցունակության խթանման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։

Նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրագործումը, որոնց հիմքում ընկած են ապաքաղաքականացված, ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու առևտրի դյուրացումը, շրջափակման և փակ սահմանների քաղաքականության անթույլատրելիությունը, կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում