ՀԿ ներկայացուցիչներ և մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ից պահանջեցին կանխել Արցախում մշակութային ժառանգության աղավաղումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ, արցախցիներ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված քաղաքացիներ փետրվարի 16-ին ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով կանխել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանն ասաց, որ նախաձեռնությունը մի շարք հասարակական կազմակերպությունների, հասարակական գործիչների կողմից է իրականացվում:

«Ադրբեջանական կողմը պնդում է, որ այն ժառանգությունը, որը դարեր շարունակ կա Արցախում, հայկական չէ: Դա սուտ է, սակայն այն գործողությունները, որոնք նրանք տասնամյակներ շարունակ իրականացնում են, մտավախություն են առաջացնում, որ մի օր մենք որևէ կերպ չենք կարողանա հակազդել այդ ստերին: Դա է պատճառը, որ շեշտում ենք՝ ունենք ամիսներ: Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք ու միջազգային բոլոր հնարավոր կառույցներին, հիմնականում ՅՈՒՆԵՍԿՕ-ին չդիմենք, ուղղակիորեն կկորցնենք Արցախի հայկականությունը, որովհետև մեր հետքը փորձում են ջնջել: Հայկականության հետքը ջնջելով՝ ձգտում են բացառել հայկական կողմից ինքնորոշման իրավունքի և առհասարակ Արցախում որևէ հավակնության մասին»,-շեշտեց Աբրահամյանը:

Նա հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները:

Մասնավորապես, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասով հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցի հիման վրա Դատարանը որոշել էր, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել էր նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների դեմ:

Գայանե Աբրահամյանը շեշտեց՝ ակցիայից հետո հասարակական կառույցների մի խումբ ներկայացուցիչներ հանդիպելու են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարության հետ՝ խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ նախորդ շաբաթ նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:

Նախաձեռնության անդամներից Սեդա Գրիգորյանն էլ կարևորեց միջազգային դիտորդների Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ուղարկելու հարցը: «Վտանգված մշակութային ժառանգությունը փաստագրելու համար պետք է օր առաջ այնտեղ մասնագիտացված խմբեր ուղարկել: Իմ տեղեկություններով ՀՀ-ն ամեն բան անում է, որ նման խմբեր կարողանան գնալ, սակայն Ադրբեջանն է խոչընդոտում: Միջազգային դիտորդական խմբերը պետք է տեղում ծանոթանան հուշարձանների վիճակին, վավերագրեն դրանք»,-ընդգծեց նա:

Ակցիայի մասնակիցների ձեռքերում պաստառներ էին, որոնց վրա գրված էր. «Դադարե՛ք հովանավորել Արցախում մշակութային ջարդը», «Հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է», «Դուք պատասխանատու եք Նախիջևանի և Արցախի մշակութային ջարդի համար»:

Հայերեն العربية English Français Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված