Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպական խորհրդարանի անդամները ահազանգում են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին՝ դատապարտելով հայկական եկեղեցիները իբրև «աղվանական» ներկայացնելու և դրանցից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ եվրոպացի պատգամավորները Թվիթերում կոչ են արել միջազգային հանրությանը գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները:

«Միջազգային հանրությունը պետք է գործի անցնի հենց հիմա: Մենք պետք է դատապարտենք և կասեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման, աղավաղման և ոչնչացման ցանկացած փորձ», - Թվիթերի իր էջում գրել է Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը:

Ադրբեջանի մշակույթի նախարարության աղմկահարույց նախաձեռնությանը անդրադարձել է նաև նիդերլանդցի պատգամավոր Պետեր վան Դալենը՝ Թվիթերում գրելով, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն:

«Ադրբեջանը հայտարարել է, թե ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից: Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսին (Եվրախորհրդարանի անդամ), Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը», - հայտարարել է Պետեր վան Դալենը:

Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հատուկ հանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը՝ շեշտելով, որ դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ադրբեջանի քաղաքականությունը որակեց որպես մշակութային ցեղասպանություն: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նույնպես խստորեն դատապարտեց Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը՝ նշելով, որ դա ոչ միայն բացահայտ մարտահրավեր է Հաագայի դատարանի որոշմանը, այլև հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան արձագանքելով Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պղծման և ոչնչացման դեպքերին, այդ թվում՝ «հայկական հետքերի» վերացման ադրբեջանական նախաձեռնությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել էր, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում հնարավոր կդառնա այդ խնդրի առնչությամբ «տեխնիկական առաքելության» իրականացումը:

Հայերեն العربية English Русский

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը