Հասարակական

Հնարավորություն կստեղծվի հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը

2 րոպեի ընթերցում

Հնարավորություն կստեղծվի հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ ըստ հիմնավորման ՝ստորագրմանը նախապատրաստվող արձանագրության նախագծով` նախատեսվում է տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումարի վճարում «Գազպրոմ Արմենիա»-ին, որպես վերջինիս պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։

Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն հետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

Կառավարությունից հայտնում են, որ արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար (7900 կկալ/խոր.մետր)։ Բացի այդ, արձանագրությամբ նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում