ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է՝ Հայաստանում ժողովրդական արվեստի հետ կապված լրջագույն խնդիրներ կան, որոնք կարող են պատճառ դառնալ ոլորտում կարդինալ փոփոխությունների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը փոխնախարարն ընդգծեց, որ ոլորտի առաջատար մասնագետների՝ երաժշտագետների, կոմպոզիտորների, կատարողների հետ լսումներ են իրականացրել և փաստում են, որ ժողովրդական կոլեկտիվների պատկերը հուսադրող չէ:
«Ստացվում է, որ տասնամյակներ շարունակ վարկաբեկում ենք ժողովրդական արվեստը, որովհետև ունենք ներկայանալիության լուրջ խնդիր՝ գեղագիտության, երգացանկի, նվագացանկի: Մենք ուղղակի պայմանաբար մեկ տարի ժամանակ ենք տվել պետական կոլեկտիվներին վերանայելու իրենց աշխատանքը, երաժշտական բովանդակությունը, տարազները և այլն: Եթե մեկ տարվա մեջ արդյունքներ չլինեն, կարդինալ փոփոխությունները բացառված չեն, ոչ թե ինչ-որ բան փակելու, այլ ինչ-որ բան փրկելու և ժողովրդականը ժողովրդին բարձր մակարդակով վերադարձնելու համար»,-նշեց Խզմալյանը:
Անդրադառնալով ժամանակակից պարին՝ փոխնախարարն ասաց, որ այն ևս այսօրվա խոցելի տեղն է, առանց որի թերի է նաև դրամատիկական արվեստը, որովհետև ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատ դժվար է գծել խորեոգրաֆիայի, մնջախաղի, դրամատիկական թատրոնի սահմանը: «Մենք ապրում ենք ունիվերսալիզմի և ժանրերի խառնուրդի ժամանակներում, ուստի ժամանակակից պարը լինելու է մեր քաղաքականության առաջնահերություններից մեկը»,-եզրափակեց Խզմալյանը: