Հայաստանում կգործի Հայրենադարձների ինտեգրման կենտրոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնում է Հայրենադարձների ինտեգրման կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծման աշխատանքների ղեկավար, հայրենադարձ Մարգարիտա Բաղդասարյանը նշեց, որ խնդիր է դրված հայրենադարձներին ուղղված աջակցությունն իրականացնել ավելի համակարգված ու լայն մասշտաբով:

«Պետության համար հայրենադարձությունը ռազմավարական շատ կարևոր կետ է: Կենտրոնի ստեղծման գործընթացը բխում է հենց այդ ռազմավարությունից: Ներկա իրավիճակն այն է, որ հայրենադարձը, Հայաստան տեղափոխվելիս, տարբեր հարցերի հետ կապված բախվում է մի շարք խնդիրների ՝ թղթաբանություն, ընդհանուր ինտեգրում: Մեր գրասենյակը ներկայում էլ այդ հարցերով զբաղվում է: Ունենք հայրենադարձությանն ուղղված բաժին, որն ամեն օր աշխատանքներ է կատարում տաբեր հայրենադարձների հետ: Մենք հասկացանք, որ ավելի համակարգված ու լայն մասշտաբով պետք է այս գործն արվի ու ծնվեց այն գաղափարը, որ ստեղծենք Հայրենադարձների ինտեգրման կենտրոն, որի առջև խնդիր է դրված լինելու նախ քաջալերել հայրենադարձությունը և օգնել, որ այդ ամբողջ պրոցեսով անցնող անձն աջակցություն ստանա սկզբից մինչև վերջ»,-ասաց Մարգարիտա Բաղդասարյանը:

Մարգարիտա Բաղդասարյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից: Նա Հայաստանում շատ մեծ խնդիրների չի բախվել, որովհետև այստեղ է ծնվել, իրեն ծանոթ են միջավայրը, ավանդույթները, հասարակության շրջանում առկա մոտեցումները: Ու չնայած դրան՝ դժվարություններն անպակաս են եղել:

«Ինձ համար էլ դժվար էր, պետք էր հասկանալ, թե առողջապահական համակարգն ինչպես է աշխատում, թղթաբանության հետ կապված հարցեր կային՝ սկսած անձնագրում առկա կնիքից, վերջացրած բյուրոկրատական խնդիրներով: Պատկերացրեք այն անձանց, թե ինչ դժվարությունների են հանդիպում, որ ընդհանրապես Հայաստանում չեն ապրել, այստեղ ծանոթություններ, ընկերներ, բարեկամներ չունեն: Մենք փորձում ենք այդ բոլոր հարցերին համակարգված ձևով անդրադառնալ»,-ասաց Մարգարիտա Բաղդասարյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, լինելով պետական կառույց, առավել տեղեկացված է թե պետությունն ինչ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված հայրենդարձությանը: Եվ անմիջական կապի մեջ լինելով տարբեր գերատեսչությունների հետ՝ գրասենյակը հայրենադարձների ուղղորդումն իրականացնում է հասցեական:

Մարգարիտա Բաղդասարյանը նշեց, որ նաև իրականացվելու է հայրենադարձության տվյալների թվայնացում: Նրա խոսքով, հավաքագրվելու, վերլուծվելու է տեղեկատվությունը՝ հասկանալու, թե հայրենադարձության ինչպիսի հոսքեր կան, ովքեր են գալիս, ինչ կարիքներ ունեն և այլն: Այդ ամենը շատ կարևոր է ապագա ծրագրերի, հայրենադարձությունը խթանելու համար:

Այս օրերին էլ Հայաստան տեղափոխվելու հարցերով հետաքրքրվածների թիվը մեծ է: Գրասենյակը տարվա ընթացքում ընդունել է մոտ հազար հայրենադարձի ու ունեցել է 3 հազարից ավելի նամակագրություն: Հանձնակատարի գրասենյակ ուղարկված նամակների մեծ մասը հայրենադարձությանն է վերաբերվել:

«Հետաքրքրությունը շատ մեծ է, և մենք չենք ցանկանում դա բաց թողել: Հիմա շատ ակտիվ Լիբանանից են հետաքրքրվում, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Վերջերս սկսել ենք հարցումներ ստանալ Արգենտինայի հայ համայնքից»,-ասաց նա:

Թե Հայրենադարձների ինտեգրման կենտրոնը երբվանից կսկսի գործել, հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը դժվարանում է ասել: Նախնական տվյալներով՝ կենտրոնը կսկսի գործել հաջորդ տարվա կեսերին: Հիմա կենտրոնի տարածքի խնդիրն է լուծվում, հստակեցվում է տարբեր կառույցների հետ համագործակցության ձևաչափը, կենտրոնն ունենալու է առցանց հարթակ, այժմ լուծվում են դրա տեխնիկական խնդիրները:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով