Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին, նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի մյուս երկրների վրա:

Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում